Արդի հայաստանյան քաղաքական դաշտում խորհրդային անցյալի իներցիայով և վերջին 15 տարիներին ձևավորված քաղաքական համակարգի առանձնահատկություններով պայմանավորված հասարակական գիտակցությանը պարտադրվեց պետական ինստիտուտի և պետական պաշտոնյայի նույնականացումը: Ավտորիտար և տոտալիտար քաղաքական համակարգերին բնորոշ այս մոտեցումը, շատ հաճախ քաղաքական օպոնենտների հետ բանավեճերում, հայաստանյան իշխանությունների ձեռքին դառնում է կարևոր հաղթաթուղթ: Ընդ որում պետք է նշենք, որ հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը ևս գործում են այս տրամաբանության սահմաններում, ինչի վառ օրինակներից դարձավ օրեր առաջ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հարցին տրված գնահատականները տարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից: Սակայն Փոստանջյանի դեպքում մենք գործ ունենք գրեթե աննշան իրադարձության հետ, երբ և՛ իշխանական և՛ ոչ իշխանական դիրքերից հնչած մեկնաբանություններում Սերժ Սարգսյանի անհատական վարկանիշը նույնացվում էր պետության վարկանիշի հետ: Մինչ այս, առնվազն վերջին հինգ տարիների ընթացքում, մենք ականատես ենք եղել երկրի հետագա առաջընթացի համար կարևորագույն իրադարձությունների, երբ Սերժ Սարգսյանի կամ համակարգի քննադատությունը որակվել է որպես հարձակում պետության և պետականության դեմ:
Ոչ վաղ անցյալում` 2008 թվականի նախագահական ընտրություններում և հետագա ողբերգական իրադարձություններում իշխանական ամբողջ քարոզչամեքենան իր բոլոր հնարավորություններով փորձում էր Լևոն Տեր-Պետրոսյանին և նրան աջակցող խմբերին ներկայացնել որպես պետականության դեմ ոտնձգություն կատարողների (հենց այս տրամաբանությամբ էլ մենք ականատես եղանք բազմաթիվ քաղաքական դատավարությունների և քաղբանտարկյալների-խմբ.): Հասկանալի է, որ դա բոլորվին էլ այդպես չէր: Խիստ կասկածելի ընտրությունների արդյունքներով նախագահ դարձած գործչի դեմ ծավալված հասարակական լայն դժգոհությունը ներկայացնելով որպես պետության դեմ ելույթ, վարչակարգը փորձում էր համապատասխան քարոզչական ֆոն ստեղծել իր հետագա գործողությունների համար, ինչը և արվեց: Արդյունքում, հանդես գալով պետականության անունից, վարչակարգը ծանր հարվածներ հասցրեց հենց պետականությանը, քանի որ ընտրության կեղծիքն արդեն իսկ ցանկացած պետականության և ժողովրդավարության ձգտող հասարակության դեմ մեծագույն ոտնձգություն է:
Սակայն ցավոք սրտի, առայժմ կարող ենք արձանագրել, որ քաղաքական դաշտում գործող հատուկենտ գործիչներ կան, որոնք բարձրաձայնում և հիմնավորում են պետականության, պետական ինստիտուտի և պետական պաշտոնյայի տարանջատումը: Ընդ որում պետք է շեշտենք, որ հասարակական գիտակցությունը ևս այս առումով բավական «կաղում է»: Սրա մասին են վկայում կենցաղային պարզագույն ձևակերպումները` «երկիրը երկիր չի», «էս պետություն չի» և այլն: Ժողովրդական խոսքում փաստորեն պետությունը, կառավարությունը և վարչախումբը նույնականացված են: Նման իրադրության պատճառահետևանքային շղթան բազմաթիվ շերտեր և ճյուղավորումներ ունի, որոնց հնարավոր չէ անդրադառնալ մեկ դիտարկման շրջանակներում, սակայն նշենք մեր կարծիքով էական մի շարք նախադրյալներ: Ինչ խոսք դարեր շարունակ պետականություն չունենալը, ապա խորհրդային անցյալը, երբ առաջնորդի անձը, կուսակցությունը և պետությունը նույնական էին, անկախությունից հետո կարճատև հասարակական զարթոնքն ու հաջորդած քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորումը ծանր հարված հասցրեցին պետական հայեցակարգի ձևավորմանը, որն այդպես էլ մնաց առկախ: Թվարկվածին զուգահեռ տարբեր վարչակարգերի կողմից կարծես միտումնավոր կերպով հայաստանյան հասարակությանը պարտադրված հանապազօրյա հացի խնդիրը, ահռելի չափերի հասած արտագաղթն ու բազմապիսի այլ արատավոր երևույթները հնարավորություն չեն տալիս առողջ հասարակական մտքի ասպարեզ գալուն, իսկ այդ ուղղությամբ տարվող առանձին խմբերի ջանքերը համեմատական չեն առկա հսկայական բացի հետ:
Աղասի Մարգարյան