տուն Սպորտ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի մեծարման երեկոյին (ֆոտոշարք)

Սերժ Սարգսյանը մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի մեծարման երեկոյին (ֆոտոշարք)

371
0
4183_bՍերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի մեծարման երեկոյին: 1973 թվականին մեկ խաղաշրջանի ընթացքում ԽՍՀՄ չեմպիոնի և ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները նվաճած թիմի փառավոր հաղթանակի 40-ամյակի առթիվ կազմակերպված երեկոյի ժամանակ Հանրապետության նախագահը Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրել է պետական բարձր պարգևներով, շնորհել պատվավոր կոչում: 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին՝ իր ողջույնի խոսքում ընդգծելով, որ «Արարատ»-ը ոչ միայն 1973 թվականի, այլև ընդհանրապես 70-ականների մեր ժողովրդի մեծագույն նվաճումներից մեկն է.

«Արարատ»-ի փառահեղ հաղթանակները մեր ժողովուրդը համարում է ոչ միայն այդ կանաչ գորգի վրա մրցապայքարում տարած հաղթանակ, այլև որպես իր հավաքական արժանիքների արձանագրում:

«Արարատ»-ը մեր ազգային հպարտությունն էր, ազգային արժանապատվությունը: Իհարկե, «Արարատ»-ը միայն ֆուտբոլ չէր խաղում. տղաները ֆուտբոլ էին խաղում, բայց դա նաև քաղաքականություն էր: Ինչպես բոլորիս հայտնի է, ցավոք, խորհրդային տարիներին Հայաստանը չէր կարողանում լիարժեքորեն ներկայանալ միջազգային հարթակներում, և «Արարատ»-ն իր ֆուտբոլային հաղթանակներով Հայաստանը դուրս էր բերում միջազգային ասպարեզ, Հայաստանը և հայերին դարձնում էր է՛լ ավելի ճանաչելի:

«Արարատ»-ի հաղթանակները, «Արարատ»-ի կրկնակի հաջողությունները ես միշտ համեմատում եմ այն մեծ սխրանքի հետ, որ կատարեց Տիգրան Պետրոսյանը. Տիգրան Պետրոսյանը՝ դառնալով աշխարհի չեմպիոն, յուրաքանչյուր հայ ընտանիքում շախմատ խաղալ սովորեցրեց կամ գոնե՝ շախմատ սիրել, նույնը՝ տղաները: Եվ այսօրվա մեր հավաքականի խաղը ևս արդյունք է «Արարատ»-ի այն ժամանակվա հաղթանակների: «Արարատ»-ը ոգևորություն մտցրեց Հայաստանում, հայ ժողովրդի մեջ, և յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ ապրում էր՝ Հայաստանում, Հայաստանից դուրս, շատ հպարտ էր իրեն զգում»:

Այս մասին հաղորդում է President.am-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here