Արդեն մի քանի օր է՝ հասարակական-քաղաքական շրջանակները քննարկում են Հոկտեմբերի 27-ի կատարողներից Նաիրի Հունանյանի դիմումը՝ նրան պայմանական վաղաժամկետ ազատելու մասին:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ ԱԺ-ում տեղեկացրել էր՝ քրեակատարողական հիմնարկը մերժել է Հունանյանի դիմումը:
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը երեկ «Ֆեյսբուքում» գրել էր, որ Նաիրի Հունանյանին ցմահ դատապարտելու իրավունք չունեին:
Araratnews.am-ը փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին հարցրեց՝ ինչ նկատի ուներ իր գրառմամբ եւ ինչո՞ւ է հիմա Նաիրի Հունանյանը հիմա դիմում պայմանական վաղաժամկետ ազատման համար:
Այն, որ Նաիրի Հունանյանը, ըստ Սիրունյանի, պետք է խստագույնս պատժվեր, դա օրինաչափ է: «Նաիրիի բախտը բերեց, որ գնդակահարությունը ՀՀ-ում արդեն չկար: Բայց իրավաբանությունը չենք կարող անտեսել»,- ասաց փաստաբանը ու մի քանի դիտարկում արեց:
Նաիրի Հունանյանին ապօրինի են ազատազրկել ցմահ ազատազրկման, սակայն հանցանքի կատարման պահին՝ 1999 հոկտեմբերի 27-ին, ցմահ ազատազրկում պատժատեսակ չի եղել: «Հանցանքի կատարման պահին գործել է 1961 թ-ի քրեական օրենսգիրքը, որի պատիժների ցանկում ցմահ ազատազրկում չի եղել: Ամենախիստ պատիժը եղել է գնդակահարությունը: 1999-ին մշակվել է քրեական նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ մտավ 2003 թ-ին: 2004 թ-ին, եթե ճիշտ եմ հիշում, Նաիրի Հունանյանին դատապարտեցին ցմահ ազատազրկման: Աչքաչափով գցեցին- բռնեցին՝ Նաիրին հասնում է ամենախիստ պատիժը, որն այդ ժամանակ եղել է գնդկահարությունը: Բայց քանի որ այն արդեն չկար, նրան նոր օրենսգրքով դատապարտեցին ցմահ ազատազրման՝ ամենախիստ պատժի»,- մանրամասնեց Ա. Սիրունյանը:
Փաստաբանի խոսքով՝ Նաիրի Հունանյանին պետք է դատապարտեին 1999 թ-ի օրենքով՝ գնդակահարության, բայց քանի որ գնդակահարություն չկար, պետք է լիներ 15 տարվա ազատազրկում՝ որպես խիստ պատիժ:
Ալեքսանդր Սիրունյանին հետաքրքրում է՝ ինչու Նաիրի Հունանյանը սրա մասին չի բարձրաձայնել: «Բանտում նստած կալանավորը բոլորից լավ գիտի՝ երբ է իր «սրոկն» ավարտվում: Նաիրի Հունանյանի ժամկետը, եթե օրացույցով հաշվենք, նրա 20 տարին լրանում է մի քանի օրից՝ 2019-ի հոկտեմբերի 27-ին: Իսկ իրավական առումով նրա ժամկետը չի լրանում 2019 թ-ի հոկտեմբերի 27-ին: 2007 թ-ին, երբ ընդունվեց քրեական նոր օրենսգիրքը, որի բարելավվող նորմերը հետադարձ ուժ ունեն, գրվեց՝ կալանքի օրերը հաշվում են օրուկեսով: 1999 թ-ի հոկտեմբերի 27-ի գործի դատավարությունը, որը տեւեց 4.5 տարի, պետք է բազմապատկվեր 1.5-ով: Նաիրի Հունանյանը փաստորեն նստած է 23 տարի, բայց ինքը չգիտի՝ 23 տարի նստած է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Փաստաբանը հորդորեց իր բարձրաձայնած եւ մյուս հարցերը, որոնք իրավական չեն, ուղղել Նաիրի Հունանյանին:
Հիշեցնենք՝ Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմել էր նաև 2017 թ-ի նոյեմբերի 20-ին: Ցմահ դատապարտվել է 2003 թ-ի դեկտեմբերի 2-ին:
Սոնա Դավթյան