Նա 20 տարի առաջ ուներ հնարավորություն, որ իր նկատմամբ նախաքննությունը մեղմվեր։ «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմումի հետ կապված հարցին այսպես արձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ հանդես է գալիս որպես Վազգեն Սարգսյանի ընկեր և ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի հարցերով խորհրդական:
«Հոկտեմբերի 27-ը այն հրեշավոր ահաբեկչական գործողությունն էր, որը Հայաստանի ողջ հեռանկարը կասեցրեց, և կասեցումը տևեց 20 տարի: Նա 20 տարի առաջ ուներ հնարավորություն, որ իր նկատմամբ նախաքննությունը մեղմվեր, եթե ինքը նախաքննական մարմնի հետ համագործակցության արդյունքում հնարավորություն տար ՀՀ-ին՝ հասկանալու՝ հոկտեմբերի 27-ին ինչ է տեղի ունեցել»,- ասաց Քոչարյանը:
Քոչարյանը նշեց, որ Հունանյանն ու ընկերներն այն աջակցությունը, որ սպասում էին, կարծես թե չստացան և կարծես պատրաստ էին աշխատել նախաքննական մարմնի հետ, բայց խոչընդոտներ առաջացան։ Պատգամավորի պնդմամբ՝ գործը բացահայտելու վախեր ուներ այն ժամանակվա իշխանավոր Ռոբերտ Քոչարյանն իր թիմով։
«Հունանյանը կարող էր դիմել այս հարցի լուծմանն իրավական ընթացակարգով, բայց Նաիրի Հունանյանը 20 տարի ուշացել է։ Եվ եթե նա ունի այնպիսի ինֆորմացիա, որը ՀՀ-ին կտա, թե վերջապես Հոկտեմբերի 27-ին ինչ է տեղի ունեցել, այս հայտարարությունը հնարավորություն է»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։