Հիմնական խնդիրը, որ Հայաստանում գոյություն ունի, հանրային դիսկուրսի բացակայությունն է այն խնդիրների վերաբերյալ, որոնց մենք ամեն օր առնչվում ենք:
Այսօր այս մասին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպածˋ «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով հանրային քննարկմանը ասաց Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Ինձ մտահոգում է Աստանայում տեղի ունեցածի մեջ այն, որ 3 երկրներ միասին կնքում են մի պայմանագիր, որը կոչվում է տնտեսական, այնուամենայնիվ դա քաղաքական նպատակ ունի: Այդ երեք երկրներից մեկը հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահը: Եթե Պուտինը նման հարց բարձրացներ, ապա ինքը որպես ՌԴˋ Մինսկի համանախագահ երկիր, իրեն կդներ շատ խոցելի վիճակի մեջ, բայց իրավիճակը չի փոխվում: Նազարբաևի հնչեցրածը՝ դա Պուտինի վերաբերմունքն էր»,-ասաց Սաքունցըˋ անդրադառնալով մայիսի 29-ին Աստանայում տեղի ուեցած Եվրասիական տնտեսական համաժողովի նիստին, որտեղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնել էր, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն առանց ԼՂՀ-ի: