տուն Քաղաքական Հայաստան Յուրաքանչյուր հյուրատուն 8-10 աշխատատեղի հարց է լուծում. Ռոմանոս Պետրոսյան

Յուրաքանչյուր հյուրատուն 8-10 աշխատատեղի հարց է լուծում. Ռոմանոս Պետրոսյան

283
0

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ասուլիսի ընթացքում անդրադարձել է Կոտայքի մարզի առաջնահերթ ոլորտներին՝ ընդգծելով, որ մարզի տնտեսական զարգացումը տեսնում է 5 հիմնական ուղություններով:

Պետրոսյանն առաջինը խոսեց տուրիզմի և հյուրընկալության մասին: Նա նշեց, որ մարզում գործում է 100 հյուրանոցային տնտեսություն, որից 51-ը՝ միայն Ծաղկաձորում:

Երկրորդը վերականգնվող էներգետիկան է. ֆոտովոլտային պանելներ, հողմակայաններ: Երկու ուղղությամբ էլ այս պահին իրականացվող ծրագրեր կան: Ռ. Պետրոսյանը նշեց, որ մարտի 16-ին «Աքսիոմա» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում են լինելու՝ համագորածակցային ծրագրերն իրագործելու նպատակով:

Երրորդ ուղղությունը տեխնոլոգիական գյուղատնտեսությունն ու ինտենսիվ այգեգործությունն է:

«Միայն անցյալ տարվա տվյալներով՝ Կոտայքի մարզում 22 հա ջերմոցային տնտեսություններ են հիմնվել: Այս պահին Կոտայքի մարզում ունենք շուրջ 125 հա ժամանակակից ջերմոցային տնտեսություն, որոնք իրենց արտադրանքն արդյունահանում են հիմնականում ԱՊՀ շուկա և արաբական երկրներ: Միայն Նոր Գեղիում այս պահի դրությամբ ունենք շուրջ 700 հա խնձորի այգիներ, որոնց արտադրանքն արտահանվում է արտաքին շուկա՝ դարձյալ ԱՊՀ երկրներ և արաբական որոշ երկրներ»,- նշեց Կոտայքի մարզպետը:

Չորրորդ ուղղությունն ադամանդագործությունն է:

«Վերջերս դուք ականատես եղանք նոր ադամանդագործային ընկերության բացմանը. «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ»-ի մասին է խոսքը: 200-ից ավելի աշխատողներ արդեն բնականոն աշխատանքային փուլն են թևակոխել: Կոտայքի մարզում այս պահին կան շուրջ 13 ադամանդագործական ընկերություններ, որոնց մի մասը վերամշակող ընկերություններ են, բայց մի քանի ընկերություններ, այդ թվում նաև վերոնշյալ ընկերությունը, սեփական հումքով են գործում, ինչը մեծ ներդրումներ է խոստանում»,- ընդգծեց Ռ. Պետրոսյանը:

Հինգերորդը քաղաքաշինական, շինարարական տեխնոլոգիաների ուղղությունն է:

«Սենդվիչ պանելների, պեմզա բլոգների և այլ շինանյութերի արտադրությունը հիմնականում Բյուրեղավանի, Աբովյանի, Նոր Հաճնի հատվածում է: Երևան-Սևան մայրուղում կտեսնեք, որ երկու խոշոր նոր արտադրություն է հիմնվում: Երկուսն էլ շինանյութերի արտադրությամբ են զբաղվելու: Նախատեսված է հիմնականում ներքին շուկայի համար»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

«Խոսել ենք 25 ներդրումային ծրագրերի մասին: Այդ 25 ներդրումային ծրագրերն այս պահին ակտիվ փուլում են: Մի շարք ծրագրեր արդեն գործարկվել են, մի շարք ծրագրեր դեռևս քաղաքաշինական այլ փաստաթղթավորումներ են անցնում: Ինքներդ եք ենթադրում, որ ձեռնարկություններ կան, որոնք ՇՄԱԳ փորձաքննություն պետք է անցնեն: Կան ծրագրեր, որոնք դեռևս նախապատրաստական փուլում են և չեն մեկնարկել: Լեռնանիստ, Թենիկ, Սևաբերդ համայնքներում Community tourism-ի՝ համայնքային տուրիզմի զարգացման ծրագրեր ենք իրականացնում: Եվ միայն Լեռնանիստում նոր 10 մասնավորների կողմից հիմնած հյուրատներ ունենք: Լեռնանիստ համայնքում, եթե կհիշեք, ես անցյալ տարի խոսել էի այդ մասին. 2019 թ. փետրվարին շուրջ 3000 զբոսաշրջիկ է այցելել: Այս տարի հունվար-փետրվար ամիսներին այդ թիվը 6500-ն անցել է, և արդեն էկոնոմիկայի նախարարության, տուրիզմի պետական կոմիտեի հետ համագործակցության արդյունքում շուրջ 500 մլն դոլարի ծրագիր ենք ներկայացնելու Լեռնանիստ համայնքում: Համայնքում լինելու է փոքրիկ ճոպանուղի և սահուղիներ, նաև մեծ տուրիստական ՀԱԲ: Նման ՀԱԲ-երը 3-ն են Կոտայքի մարզում: ՀԱԲ-ը տուրիստական խոշոր ավտոբուսների կայանատեղին է: Ենթադրվում է նաև այդ կայանատեղիներում ինֆոկետերի, արագ սննդի կետերի, հուշարձանների խանութների առկայություն: Գյուղում՝ նաև ենթակառուցվածքների որոշակի բարելավում, այդ թվում՝ ներհամայնքային ճանապարհների, տեսարժան վայրերի բարեկարգում, որպեսզի տուրիստին հետաքրքիր լինի այդ վայրերով շրջելը: Community tourism-ի խնդիրն այն է, որ տուրիստները մեկանգամյա այցով չայցելեն, խնդիրն այն է, որ 1-2 օրով մեր համայնք բերենք տուրիստին ու ապահովենք նրա ժամանցն ու սնունդը: Թեղենիկում և Սևաբերդում այս պահին հյուրատներ են կառուցվում մասնավոր ներդրումների շնորհիվ: Օրինակ՝ Սևաբերդում, երևի թե, մարտի 16-ին արդեն հյուրատան բացում կունենանք: Սևաբերդ համայնքը մեր մարզի ամենաբարձր լեռնային գյուղն է: Շուրջ 30 ընտանիքիներ են այնտեղ ապրում: Այնտեղով է արշավային տուրիզմի արահետն անցնում: Հյուրատունը պատրաստ է հյուրընկալել մեր եվրոպացի տուրիստներին, ովքեր ցանկանում են Աժդահակ բարձրանալ: Յուրաքանչյուր հյուրատուն առնվազն 5-8-10 աշխատատեղի հարց է լուծում: 30 ընտանիք ունեցող գյուղում, կարծում եմ, 8-10 աշխատատեղը զգալի է կյանքի որակը փոխելու համար»,- հավելեց Ռոմանոս Պետրոսյանը: