Այս գիշեր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցություններից հետո ընդդիմոթւյան առաջնորդներ Արսենիյ Յացենյուկն ու Վիտալի Կլիչկոն շփվել են լրագրողների հետ։ «ՈւԴԱՌ» կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոն մասնավորապես ասել է, որ Յանուկովիչը չի կարողանում համարժեք արձագանքել իրավիճակին։
«Յանուկովիչը բացարձակ ադեկվատ չէ իրավիճակին։ Նա ձգտում էր հասնել ընդամենը մի բանի՝ որպեսզի ընդդիմադիր աառջնորդները կոչ անեն Մայդանի ցուցարարներին դադարեցնել հակամարտությունը և վայր դնել զենքը», — ասել է Կլիչկոն։ Այս մասին ասվում է կուսակցության պաշտոնական կայքում։ Կլիչկոն հավելել է, որ չի հասկանում, թե ինչ զենքի մասին է խոսքը, որովհետև զենք կիրառողը Մայդանում ոստիկանությունն է։
Արսենիյ Յացենյուկն իր հերթին ասել է, որ Յանուկովիչը ձգտում էր հասնել մեկ բանի՝ Մայդանը հանձնելուն։ «Ընդդիմության դիրքորոշումը բանակցությունների ժամանակ մեկն էր՝ անհապաղ հրադադարը, զորքերի հետ քաշումը, որպեսզի պաշտպանենք մարդկային կյանքերը։ Քանի դեռ հրադադար հայտարարված չէ, իսկ իշխանությունը նման ցանկություն չունի, ապա մենք իրոք կանգնած ենք մեր պատմության ավելի դրամատիկ զարգացումների շեմին։ Մենք մնալու ենք մարդկանց հետ։ Մայդանում խաղաղ մարդիկ են, և այդ մարդիկ իրավունք ունեն կանգնել այստեղ և շարունակել խաղաղ ցույցը», — ասել է Յացենյուկը։ Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը։