Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ով այս օրերին լուրջ խնդիրներ ունի երկրում ներքաղաքական բացասական զարգացումների առումով, երբ տասնյակ հազարավոր մարդիկ դեմ են արտահայտվում նրա իշխանությանը, մեկնաբանել է Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը՝ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունը համարելով ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված հեղաշրջում։
«Նախագահը դատապարտում է պետական հեղաշրջումը, որն իրականացվել է ծայրահեղական խմբավորումների կողմից՝ համաձայն դրսում՝ ԱՄՆ-ի վարչակազմում և նրա դաշնակից ՆԱՏՕ-ում մշակված մարտավարության»,- ասվում է նախագահական պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Նաև նշվում է, որ Կիևի «փաստացի իշխանությունները» վտանգում են Ուկրաինայի միասնականությունը։ Մադուրոն վստահություն է հայտնել, որ ամերիկացիների գործողությունները կարող են վտանգել տարածաշրջանի կայունությունն ու Ռուսաստանի ինքնիշխանությունը։