Այն փաստը, որ Վիկտոր Յանուկովիչը շարունակում է մնալ Ուկրաինայի օրինական նախագահ, ոչ մեկի մոտ չպետք է կասկած հարուցի: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Յանուկովիչը շարունակում է մնալ օրինական ընտրված և իշխանությունից չզրկված նախագահ, դա փաստ է», — ասել է Մատվիենկոն` պատասխանելով լրագրողների հարցերին: Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի խորհրդարանում կան սահմանված ընթացակարգեր, թե ինչպես Ռադան պետք է հեռացնի նախագահին պաշտոնից: «Սկզբում խորհրդարանում պետք է լիներ իմպիչմենտ, այնուհետև Սահմանադրական դատարանն ու Գերագույն դատարանը պետք է համապատասխան որոշում կայացներ», — ասել է խոսնակը:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Գերագույն Ռադան որոշում է կայացրել վերադառնալ 2004 թվականի Սահմանդրությանը և պաշտոնից հեռացնել անհետացած նախագահին: Նրա փոխարեն նախագահի պաշտոնակատար է նշանակվել Տուրչինովը, ով զբաղեցնում է նաև խորհրդարանի խոսնակի պաշտոնը: