Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր կրկին հանդես է եկել մի քանի ուշագրավ հայտարարություններով` փորձելով Ռուսաստանին ազատել Ուկրաինա զորքեր մտցնելու պատասխանատվությունից: Յանուկովիչը «Եվրամայդանին» մեղադրել է մարդկանց գնդակահարելու մեջ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Նրա խոսքերով` գնդակահարությունն իրականացվել է ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շենքից (այս վարկածը շրջանառության մեջ է դրել ռուսական պաշտոնական քարոզչությունը — խմբ.):
Յանուկովիչը նշել է, որ Ղրիմի անջատման հարցում մեղավոր են Ուկրաինայի ներկայիս իշխանությունները, այլ ոչ թե Ռուսաստանն ու անձամբ ինքը: Նա շեշտել է, որ եթե ինքը լիներ նախագահ, ապա թույլ չէր տա թերակղզու անջատումը Ուկրաինայից: Նրա կարծիքով` Ղրիմի հանրաքվեն բողոքի նշան էր Ուկրաինայի իշխանությունների դեմ: Նա նաև կասկածի տակ է դրել մայիսին կայանալիք ընտրությունները:
«Այս ընտրությունները ավելի հաճախ են դառնում քննադատության առարկա Ուկրաինայի ներսում: Ես տեղեկատվության շատ աղբյուրներ ունեմ, այդ թվում այսպես կոչված ներկայիս իշխանություններում, որոնք ավելի հաճախ են կասկած հայտնում, թե արդյոք պետք էր այս իրավիճակում անցկացնել նախագահական ընտրություններ, երբ չկա որոշակիություն, թե ինչպիսին պետք է լինի պետությունը», — ասել է Յանուկովիչը: