Խորհրդարանում քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանին, ասել է, թե խիստ կարևոր է, որ ազգային ավիափոխադրողի հայտ են ստացել:
Բագրատյանը նաև հետաքրքրվել է, թե արտոնություն տրամադրելով նոր բացվող գծերին, խնդիր չի՞ առաջանա այն ժամանակ, երբ ազգային ավիափոխադրողը սկսի ամբողջ ծավալով աշխատել:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը պատասխանել է, որ որևէ ավիաընկերության հատուկ արտոնություններ տրամադրելու իրավունք իրենք չունեն:
«Դա կլինի միջազգային խախտում: Այս հարցը քննարկվել է տեղական ավիափոխադրողի հետ, և նրանք ողջունել են մրցակցությունը: Նրանք նշել են, որ այդ մրցակցությունը կստիպի, որ իրենք ավելի լավ աշխատեն, որ կարողանան միջազգային շուկայում մրցել: Այսինքն՝ ավիափոխադրողներին բավարար չէ, որ զուտ Հայաստանում կարողանան գործել: Նրանք բանակցում են ամբողջ աշխարհի տարբեր օդանավակայանների հետ, որ կարողանան մրցակցել բոլորի հետ»,- ասել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարը:
Ռևազյանը նշել է, որ իրենք խթանում են նոր ուղղությունները, որովհետև նոր ուղղությունները բոլոր ավիաընկերությունների համար ամենառիսկային տարբերակներն են. «Մենք ուզում ենք մի քանի տարի հետո բոլորի համար օդի տուրքը հանել, բայց մեզ ժամանակ է պետք, որ ապացուցենք, որ, օդի տուրքը հանելով, մենք իրոք խթանում ենք նոր ուղղությունները, իրոք շուկան զարգանում է: Այս պարագայում պետբյուջեն չի տուժի»: