Բրիտանական The Guardian-ը գրում է, որ Մոսկվան կարող է լուրջ սրել իրավիճակը Ղրիմի շուրջ, որտեղ կա ռուսական մեծ բնակչություն և պրոռուսական լուրջ տրամադրություններ։ Ներկայում ամբողջ ուշադրությունը սևեռված է Սևաստոպոլի վրա, որտեղ գտնվում է Սևծովյան ռուսական նավատորմը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հենց այստեղ է թաքնվում Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ Երեկ Սևաստոպոլի քաղաքապետարանի վրա նույնիսկ բարձրացվել է ռուսկան դրոշը։ Սևաստոպոլում այն մտքին են, որ պետք է նախաձեռնել Ռուսաստանի հետ միավորումը։ Դա կարող է տեղի ունենալ Մոսկվայի կողմից արտոնված հանրաքվեի միջոցով։ Ղրիմը Մայդանի հաղթանակից հետո հայտարարել է, որ չի ճանաչում նոր իշխանություններին։ Սակայն հոդվածագիրն այս սցենարն առայժմ քիչ հավանական է համարում. այստեղ մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք ապագայում Ուկրաինան կմնա որպես ունիտար պետություն։ Կիևում նոր իշխանությունները սկսել են մեղադրել Մոսկվային Ուկրաինան պառակտելու մեջ։ Նրանք մտահոգություն ունեն, որ Մոսկվան կգործի նույն մարտավարությամբ, ինչը կիրառվեց նաև Հարավային Օսիայում և Աբխազիայում։ Առայժմ հայտնի չէ Պուտինի հստակ դիրքորոշումն այս հարցում։ Նա ամեն կերպ ձգտում է տապալել Ուկրաինայում ցանկացած այնպիսի կառավարություն, որը ձգտում է հեռանալ ռուսական ուղեծրից, գրում է The Guardian—ի հեղինակը։