տուն Քաղաքական Վերլուծական Մոսկվան չի սպառնում Հայաստանի «բաց երկնքին»

Մոսկվան չի սպառնում Հայաստանի «բաց երկնքին»

303
0

5242b9ddc6026ad072a3c561128ac5bc

Հայաստանի որդեգրած «բաց երկնքի» քաղաքականության շրջանակում անցած տարվա դեկտեմբերի 24-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև մի արձանագրություն է ստորագրվել, որով քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության բնագավառում կգործի ազատությունների ավելի բարձր աստիճան՝ ռուսական և հայկական ընկերությունների համար:

Սա սպասված իրադարձություն էր, հատկապես որ ռուսական (և ոչ միայն) ընկերություններին արդեն իսկ հնարավորություն տրված էր ավելացնելու չվերթերը: Նախկինում, երբ գործում էր «Արմավիան», ռուսական ընկերությունների նկատմամբ բազմաթիվ սահմանափակումներ կային, և ռուսական կողմը չէր կարողանում հասնել դրանց վերացմանը: Սա երևում է, օրինակ, 2012-ի ամռանը տեղի ունեցած՝ երկու երկրների ավիացիայի ոլորտը կարգավորող մարմինների խորհրդակցությունների արձանագրությունից: Այդ արձանագրությունում նշված է, որ ռուսական կողմը պաշտպանում է ավիափոխադրումների ոլորտը ամբողջությամբ լիբերալացնելու կամ սահմանափակումները նվազագույնի հասցնելու դիրքորոշումը: Հայկական կողմը, սակայն, չի համաձայնել դրան և կողմ է արտահայտվել սահմանափակումների կիրառմանը: Որպես փոխզիջում՝ ռուսական կողմը առաջարկել է մի տարբերակ, երբ երկու կողմն էլ հնարավորություն կունենային շաբաթական առնվազն 49 չվերթ իրականացնել Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ, սակայն հայկական կողմը դա էլ չի ընդունել:

Այսինքն` ի սկզբանե Ռուսաստանը կողմ է արտահայտվել ու դեմ չի եղել ավիափոխադրումները փոխադարձաբար լիբերալացնելու գաղափարին: Ուստի որևէ հիմք չկա մտածելու, թե ռուսները կխանգարեն Հայաստանի ավիափոխադրումների ազատականացմանը:

Շնորհիվ այն բանի, որ հայտարարվեց «բաց երկնքի» քաղաքականություն, ռուսական 3 խոշոր ավիաընկերություններ «Աերոֆլոտը», «Սիբիր S7»-ը, «Տրանսաերոն» ավելացրին իրենց թռիչքները: Այսօր Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ռուսական նշված ընկերությունները միասին իրականացնում են օրական նվազագույնը՝ 11, իսկ առավելագույնը՝ մինչև 20 չվերթ (օրինակ` սեպտեմբերի 16-ին 19 չվերթ է եղել):   Արդյունքում նվազեցին Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ տոմսերի գները՝ նախկին միջին 200 հազար դրամից դառնալով միջինը 160 հազար դրամ:

Այսպիսով՝ «Բաց երկնքի» քաղաքականությունը, դեռ ամբողջությամբ ուժի մեջ չմտած, արդեն իսկ դրական արդյունքներ է տալիս:

Հայկ Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here