Tert.am-ը գրում է.
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ավիաշքերթ է անցկացվելու Ռուսաստանի տասնյակ քաղաքներում։ Ամենամեծ տոնական ավիաշոուն մեկնարկել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անմար կրակի մոտ ծաղիկ է խոնարհել զոհերի հիշատակին, շնորհավորական ուղերձով հանդես եկել:
«Այս օրը մեր պատմական հաղթանակն է, մեր հպարտությունը: Խոնարհվում ենք հաղթողների մեծ սերնդի առաջ»,- ասել է նա:
ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Սերգեյ Դրոնովի խոսքով՝ միջոցառման իրականացմանը ներգրավված է 75 օդանավերի (հոբելյանական տարիների թվով) անձնակազմ։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Ռուսաստանի ամբողջ տարածքում ավիաշքերթներին կմասնակցի 597 ինքնաթիռ և ուղղաթիռ։
Նշվում է, որ ավիատեխնիկայի տոնական ցուցադրությունը Մոսկվայում անձնակազմի մի մասի համար կավարտվի Պոկլոննայա լեռան վրայով թռիչքով: Ավիաշքերթ կանցկացվի Վոլոգդայում, Տուլայում, Տվերում, Սամարայում և Կազանում, Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում և այլ քաղաքներում։
Այս շաբաթվա սկզբին Մոսկվայում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթի փորձը։ Չնայած ամպամած եղանակին՝ Մոսկվայի երկնքում ավիաշքերթի փորձեր են իրականացրել ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները։
Հաղորդվում է, որ այս տարի ավիաշքերթին մասնակցում են հինգերորդ սերնդի Սու-57 և ՄիԳ-31Կ կործանիչներ։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը և «Անմահ գնդի» երթը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, չեղարկվել են և տեղի կունենան հիվանդության հետ կապված իրավիճակի կայունացումից հետո։
Սակայն չեն չեղարկվել Հաղթանակի օրվա առթիվ ավիաթռիչքներն ու տոնական հրավառությունները։
«Մայիսի 9-ին ավիացիոն տեխնիկան՝ ժամանակակից մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, շքերթով կանցնեն Ռուսաստանի երկնքով՝ մեծարելով հերոսներին: Երեկոյան քաղաքի կենտրոնում տեղի կունենա ավանդական հրավառությունը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
Տեսանյութը՝ այստեղ: