Չինական COVID-19 կորոնավիրուսի՝ Մոսկվայում տարածման հետևանքով մետրոպոլիտենի մուտքերում կսկսեն չափել ուղևորների ջերմությունը: Այս մասին ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Մարտի 2-ին հաստատվել է քաղաքում վիրուսի առաջին դեպքը. հոսպիտալացվել է մի երիտասարդ, որը վերադարձել էր Իտալիայից: 24 մարդ, որոնք վարակվածի հետ անմիջական շփման մեջ են եղել, նույնպես տեղափոխվել են հիվանդանոցներ: Ընդհանուր առմամբ, Մոսկվայում ավելի քան 5,5 հազար մարդ հսկողության ներքո է գտնվում:
Իշխանությունների կողմից հնչեցված այլ նախազգուշական միջոցների թվում են.
- Մոսկվայի օդանավակայաններում կան բժշկական բաժանմունքներ. նրանք ստուգում են բոլոր նրանց, ովքեր ժամանում են Չինաստանից, Իրանից, Հարավային Կորեայից և Իտալիայից: Միջազգային թռիչքների ուղևորների ջերմությունը չափում են,
- Օրվա ընթացքում ստուգումներ են անցկացվում Չինաստանից ժամանող չինացի, ինչպես նաև ռուսաստանցի և այլ երկրների քաղաքացիների զանգվածային այցելությունների և բնակության վայրերում,
- Հիվանդանոցներում պատրաստվել են կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների հոսպիտալացման լրացուցիչ տեղեր,
- Մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների ջերմությունն ամեն օր չափում են,
- Գործատուներին խորհուրդ է տրվում պարբերաբար չափել աշխատողների ջերմությունը: