տուն Քաղաքական Վերլուծական Մոսկվայից մինչև Վիլնյուս

Մոսկվայից մինչև Վիլնյուս

218
0

eurorus

Օրերս ակտիվացել են խոսակցություններն այն մասին, թե Վիլնյուսում կստորագրվի  որևէ փաստաթուղթ, թե ոչ: Ըստ էության, սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո սակայն,  այս հարցն այլևս երկրորդական նշանակություն ունի: Չնայած եվրոպացի և ռուս չինովնիկների բոլոր հայտարարություններին, որ հնարավոր չէ համատեղել Ասոցացման համաձայնագիրը Մաքսային միությանն անդամակցության հետ, հայաստանյան պաշտոնյաները դեռ շարունակում են պնդել, իհարկե հայտարարությունների  մակարդակով, որ հնարավոր է որոշակի միջանկյալ լուծում: Տպավորությունն այնպիսին է, որ հայաստանյան չինովնիկները ամեն կերպ փորձում են ցանկալին իրականության տեղ անցկացնել: Իհարկե, չի բացառվում, որ այնուամենայնիվ Վիլնյուսում կստորագրվի որևէ հուշագիր երկկողմանի համագործակցության կամ ասենք փորձի փոխանակման մասին, սակայն դա գործնականում ոչինչ չասող և ոչինչ չտվող փաստաթուղթ է լինելու:

Պարզից էլ պարզ է, որ  Սերժ Սարգսյանի հայտարարությունը սկզբունքորեն փոխեց Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը: Ներկայիս բոլոր խոսակցությունները  Վիլնյուսում որևէ փաստաթղթի ստորագրման մասին ծառայում են հիմնականում մի նպատակի, որպեսզի գոնե արտաքուստ, հանրությանը ներկայացվի, որ Հայաստանը իր ճկուն արտաքին քաղաքականությամբ կարողացավ մեկտեղել անհնարին թվացող աշխարհաքաղաքական երկու իրողություններ: Իրականում, չնայած Եվրոպան ամենայն հավանականությամբ ինչ-ինչ նկատառումներից ելնելով կստորագրի Հայաստանի  հետ ինչ-որ լղոզված հուշագիր,  գործնականում Հայաստանին պարտադրված սեպտեմբերի երեքի հայտարարությունը փակում է Եվրոպայի դռները Հայաստանի առաջ:

Սա հասկանում է և՛ Պուտինի վարչակարգը, և՛ Եվրոպան, և՛ հայաստանյան իշխանությունը, և՛ բնականաբար հայ հասարակությունը: Սակայն սեպտեմբերի 3-ի հենց այս տպավորությունը խլացնելու համար,  իշխանական քարոզչամեքենան  գրեթե բացահայտ կերպով հայտարարում է, որ այլ ելք չկա: Առաջին հայացքից զարմանալի կարող է թվալ այն փաստը, որ ակնհայտ իշխանական շրջանակների կողմից ևս հնչում են քննադատական արտահայտություններ Մաքսային միությանն անդամակցելու հարցի վերաբերյալ, սակայն այդ բոլոր քննադատությունները ավարտվում են մեկ ձևակերպմամբ` այլ կերպ հնարավոր չէր, քանի որ օրակարգում էր երկրի անվտանգության հարցը:  Հենց վերջին պատճառաբանությունն էլ ենթադրել է տալիս, որ տարածաշրջանում Ռուսաստանը ոչ թե Հայաստանի անվտանգության երաշխավորն է, այլ հակառակը առաջնային սպառնալիքը:

Կարվի որևէ քայլ Վիլնյուսում այդ սպառնալիքը գոնե չեզոքացնելու ուղղությամբ թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, մինչ օրս հայաստանյան իշխանությունների վարքագիծը, ներքին ու արտաքին քաղաքականությունը նման իրադարձության հույս անգամ չեն ընձեռնում:  Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական դեմարշները` սկսած ֆուտբոլային քաղաքականությունից, վերջացրած Մաքսային միությանն անդամակցելու  մասին հայտարարությամբ, Տիգրան Սարգսյանի և կառավարության ձախողումները երկրի տնտեսական և ընդհանրապես բազմաթիվ այլ բնագավառներում, թանկացումները և մյուս բացասական իրողությունները, լիովին զրկել են առկա վարչակարգին սոցիալական հենարանից, ինչի արդյունքում հաստատապես կարող ենք ասել, որ ներկայիս պայմաններում առկա վարչակարգը բացարձակապես ի զորու չէ կայացնել այնպիսի որոշում, որը կբխի միմիայն Հայաստանի շահերից և պայմանավորված չի լինի Ռուսաստանի հետաքրքրություններով:

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here