«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել.
«Մոռանալ բոլոր տարաձայնությունները, մտածել միասնաբար արժանի հակահարվածի մասին «Հանուն Հանրապետության»
Հայաստանի հյուսիս–արևելյան սահմանագոտում՝ Տավուշի հատվածում հուլիսի 12–ից ադրբեջանական զինուժի մեկնարկած ռազմական սադրանքները շարունակվում են։ Չնայած ստացած զգալի մարդկային, դիրքային ու նյութական կորուստներին, Ադրբեջանի զինված ուժերը արդեն երրորդ օրը շարունակում են գնդակոծել ինչպես սահմանագծի Տավուշի հատվածում տեղակայված մեր դիրքերը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը։
Դժբախտաբար, դրա արդյունքում մեր զինված ուժերը կրել են նաև մարդկային կորուստներ՝ հակառակորդի կողմից ստացված վիրավորումներից այսօր մահացել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը։ Սահմանագոտում և հարակից բնակավայրերում իրավիճակը շարունակվում է լարված մնալ։
Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե ուղղակի հրադադարի խախտման դեպքերի, այլ ռազմական կանխամտածված սադրանքի հետ և բացառված չէ, որ դա կարող է վերածվել լայնածավալ գործողությունների։ Ի պատիվ Հայկական բանակի, մեր զինված ուժերը բարձր մակարդակով կատարում են իրենց առջև դրված խնդիրն ու առաքելությունը։ Սակայն մենք բոլորս՝ ինչպես անհատապես, այնպես էլ՝ որպես հավաքականություն իրավունք չունենք մեր զինված ուժերին միայնակ թողնել հակառակորդի դեմ պայքարում։ Այս իրավիճակում պահանջվում է ցուցաբերել համազգային միասնականություն ու միակամություն, որպեսզի սահմանին կանգնած մեր զինվորն ու հրամանատարը զգան համահայկական ուժն ու զորությունը իրենց թիկունքին։
Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին, քաղաքացիական ակտիվիստներին ու մտավորականներին․․․ մի կողմ դնել բոլոր տեսակի տարաձայնությունները, քաղաքական անհամաձայնություններն ու հակասությունները և հանդես բերել համազգային միասնականություն՝ համախմբվելով պետության ու զինված ուժերի շուրջ։
Մեր բոլոր անհամաձայնություններն ու տարաձայնությունները վստահաբար կարող են սպասել, դրանք պետք է ոչ թե հանել օրակարգերից, այլ առժամանակ մոռանալ՝ բոլորիս համար այսօրվա թիվ մեկ խնդիրը լուծելու՝ հակառակորդին արժանի հակահարվածը հասցնելու նպատակով։
Փառք ու պատիվ Հայոց բանակին:
Մենք բոլորս մեր զինված ուժերի թիկունքին ենք»: