Հայաստանի տնտեսությունում մենաշնորհների թիվն ավելի շատ է, քան տարածաշրջանի այլ երկրներում, որի արդյունքում Հայաստանում պարենային ապրանքների գներն ավելի բարձր են: Սա երևում է Հայաստանին վերաբերող համաշխարհային բանկի վերջին հետազոտություններից մեկում: «Համաձայն գործարար միջավայրի և ձեռնարկությունների գործունեության վերջին հարցման տվյալների` շուկաներում կենտրոնացման մակարդակը բարձր է, և տարածաշրջանի այլ երկրների միջին 6 տոկոսի համեմատ` Հայաստանի շուկաներում մենաշնորհները կազմում են 19 տոկոս: Ավելին, հարցման մեջ ընդգրկված շուկաների 60 տոկոսն օլիգոպոլիկ կամ մենաշնորհային կառուցվածք ունի»,- ասվում է ՀԲ զեկույցում: Այսինքն՝ Հայաստանի շուկաների 19%-ում կա միայն մեկ վաճառող՝ մոնոպոլիստ, իսկ շուկաների 60%-ում կան մեկ կամ մի քանի վաճառողներ: Համաշխարհային բանկը փաստում է, որ մոնոպոլիաների պատճառով Հայաստանում գներն ավելի բարձր են: «Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի, ներկրման ծախսերի, ապրանքատեսակների տարբերությունների և ժամանակի գործոնների ճշգրտումից հետո պարզվում է, որ Հայաստանում գները միջինը 17 տոկոսով ավելի բարձր են, քան ԱՊՀ այլ երկրներում: Գների տարբերությունը պայմանավորված չէ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի և ներկրման պայմանների տարբերությամբ»,- ասվում է այդ զեկույցում: Այսինքն` հաշվի է առնվել Հայաստանի` ծովային սահմաններ չունենալն ու հիմնական ջրային ուղիներից (ծովից) հեռավորությունը` որպես ճշգրտիչ գործոն: Սակայն դրանով հանդերձ` ստացվել է, որ պարենամթերքի գները Հայաստանում 17%-ով բարձր են: Մի շարք այլ գործոնների` շուկայի պահանջարկի, միջազգային շուկաների հասանելիության և հարկային բեռի ճշգրտումից հետո ևս համեմատության արդյունքները չեն փոխվում: Այսինքն` բնակչության թվով կամ ՀՆԱ-ով շուկայի մեծությունը ճշգրտելը, ինչպես նաև հարկային տարբերությունները հաշվի առնելը չի փոխում այն եզրակացությունը, որ Հայաստանում գներն ավելի բարձր են, քան ԱՊՀ այլ երկրներում:
Այսպիսով, բոլոր փոփոխականների ճշգրտումից հետո ստացվում է, որ միջինից բարձր գների հետևանքով հայաստանցի սպառողների ընդհանուր եկամտային կորուստը տարեկան կազմում է շուրջ 290 միլիոն դոլար: «Նույնիսկ ենթադրելով, որ գների իջեցման դեպքում սպառողները չեն ավելացնի պահանջարկը պարենային մթերքների նկատմամբ, նրանց տարեկան եկամտային կորուստը մեկ շնչի հաշվով կազմում է 87.7 դոլար, այսինքն` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի շուրջ 2.3%-ը և մեկ շնչին ընկնող սպառման 4.2%-ը»,- ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:
Սա նշանակում է, որ 4 հոգանոց ամեն մի ընտանիք միջինում տարեկան ավելի քան 350 դոլար կամ ամսական ավելի քան 12 հազար դրամ կորցնում է զուտ այն պատճառով, որ Հայաստանի շուկաներն ավելի մոնոպոլացված են, քան տարածաշրջանի այլ երկրների շուկաները: Այլ կերպ ասած՝ մեր մոնոպոլիստները (օլիգարխները) յուրաքանչյուր ընտանիքից ամսական 12 հազար դրամ ավելի շատ են գողանում, քան ԱՊՀ երկրների մոնոպոլիստները իրենց երկրի բնակիչներից:
Շեշտենք, որ ԱՊՀ երկրներն ու, ընդհանրապես, տարածաշրջանը ևս բավականին թույլ մրցակցային միջավայր ունի: Եվ ընտանիքի հաշվով այս ամսական 12 հազար դրամը կամ տարեկան ընդհանուր 290 միլիոն դոլարը հայաստանցիներս կորցնում ենք՝ համեմատած մեզ նման այլ կոռումպացված երկրների բնակիչների: Իրականում հայաստանցիներս ավելի շատ ենք կորցնում մոնոպոլիաների պատճառով, ինչպես որ կորցնում են նաև տարածաշրջանի այլ երկրները:
Հրայր Մանուկյան