ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալներ և արձանագրել, որ 2019 թվականին նորանկախ Հայաստանի բնակչության ամենացածր թիվն է գրանցվել՝ 2 միլիոն 965 հազար։ Նորությունը, կարելի է ասել, որոշ մտահոգություններ է հարուցել հասարակության շրջանում, հատկապես՝ հետհեղափոխական իրողությունների և ակնարկվող ներգաղթի համատեքստում:
Հարցի առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանից: Նրա խոսքով, հրապարակված ցուցանիշը կազմվել է համալիր հետազոտությունների և 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հրապարակված տվյալների համադրմամբ:
«Սովորաբար նման վիճակագրություն հրապարակում ենք տարբեր միջոցառումների, այդ թվում՝ մարդահամարից մինչև հաջորդ մարդահամար ընկած ժամանակահատվածում, մշտական բնակչության վերաբերյալ համընդհանուր տեղեկությունների միջոցով, արձանագրելով քաղաքացիների տեղաշարժը, թերհաշվառումներն ու գերհաշվառումները, այսինքն՝ միգրացիոն դինամիկան»,- Araratnews.am-ի հետ զրույցում ընդգծեց Կարինե Կույումջյանը:
Մասնագետը հստակեցրեց, որ վերջին մարդահամարը մեր հանրապետությունում եղել է 2011 թվականին, իսկ 2019-ին վերաբերող զեկույցը բխեցվում է նաև դրանից հետո եղած շրջափուլից և արտացոլում հաջորդող միգրացիոն հոսքերը:
Մեր ճշտող հարցին, թե կարելի՞ է պնդել, որ արտագաղթը շարունակվում է, վիճակագրական կոմիտեի բաժնի պետը նշեց հետևյալը.
«Ես կարող եմ մասնագիտական որակում տալ. համենայն դեպս, հաշվի առնելով ներհոսքի և արտահոսքի տվյալները, մնացորդը դեռևս բացասական է: Այդուհանդերձ, 2018 թ. համեմատ 9,8 տոկոսով աճել է ներգաղթողների թիվը»:
Արա Ալոյան