Զբոսաշրջության զարգացման համար պետք չէ մշակութային հուշարձանի մոտ սրճարան կառուցել, դա կարելի է կառուցել մի քիչ հեռու, կամ ուրիշ վայրում: Araratnews.am-ի հետ զրույցում ասում է Archcoop ճարտարապետական արվեստանոցի գլխավոր ճարտարապետ Գարեգին Եղոյանըˋ անդրադառնալով Գառնու տաճարի մոտ սրճարան կառուցելու հարցին:
«Մենք ոչ թե դեմ ենք սրճարան կառուցելուն, այլ դեմ ենք այն կառուցելուն հուշարձանի անմիջական հարեւանությամբ: Որովհետեւ դա կփչացնի, կխաթարի այն միջավայրը, որոնք պատմական շերտեր են այդ հողի մեջ: Դա չի կարելի անել, հուշարձանը որոշակի գոտի ունի, որի մեջ չի կարելի ինչ-որ մի բան անել: Իսկ մի քիչ հեռու, մի հատ չէ, թող երեք հատ կառուցեն սրճարան: Ուղղակի պատահական կառույցով հուշարձանի կողքը զբոսաշրջություն չես զարգացնի, դա միֆ է»,-ասում է Գարեգին Եղոյանը:
Ճարտարապետը նշում է, որ զբոսաշրջիկը գալիս է տեսնելու այդ հուշարձանը եւ ծանոթանալու այդ պատմական շերտին մեր լեռնաշխարհում:
«Նա գալիս է տեսնելու այդ միջավայրը, ոնց է դա ստեղծվել, ինչպիսին է դրա պատմությունը, ճարտարապետությունը, եւ դա չի նշանակում, որ կողքին պետք է լինի սրճարան»,-հավելում է Եղոյանը:
Նա կարծում է, որ Մշակույթի նախարարությունը շատ լավ ամեն ինչ գիտակցում է, պարզապես ինչ-որ մեկի պատվերն է կատարում:
Այն հարցին, թե արդյոք նախարարությունը դրանից որեւէ շահ ունի, Եղոյանը պատասխանեց.
«Դա պարտադիր չէ նյութական շահ լինի, ինքը սպասարկում է որոշակի շերտերի, խավերիˋ այսօրվա իշխող դասակարգից եւ դրա համար էլ ոչինչ չի կարողանում անել»,-եզրափակեց Եղոյանը: