տուն Լուրեր Մշակույթի նախարարը հիմա ժամանակ չունի ստրատեգիական հարցերով զբաղվելու. Հրանուշ Խառատյան

Մշակույթի նախարարը հիմա ժամանակ չունի ստրատեգիական հարցերով զբաղվելու. Հրանուշ Խառատյան

141
0

Garni-3-290x218

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Գառնու հեթանոսական տաճարի շուրջ ռեստորանի տեղադրումը կապում է ՀՀ մշակույթի նախարարության անհասկանալի քաղաքականության հետ:

«Այս ամենը գալիս է մշակույթի նախարարության այս անհասկանալի դիրքորոշումից: Այս ամբողջը սկսվեց շատ ավելի վաղուց, երբ Նորավանքի մոտ այդ ռեստորանը բացվեց և հենց այդ պատճառով Նորավանքը չկարողացանք ներառել ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Մենք անհասկանալի վիճակում ենք, մեկ ասում են՝ ամառային է լինելու, մեկ ասում են՝ հիմնական: Ախր հուշարձանները հուշարձան են իրենց տարածքով: Դա միայն շենք չի, դա միայն էդ շենքի պատերը չեն և էդ պատերի ներսը չեն, չնայած ներսն էլ է ապականվում: Նախարարությունը թույլտվություն տալուց առաջ փորձե՞լ է արդյոք հստակեցնել, թե ինչ տարածության վրա, ինչ կարգի սննդի միջավայր կարող է ստեղծել՝ խաչապուրի պիտի վաճառեն, թե նստած խորոված ուտեն ու գինի խմեն: Ընդհանրապես, այս բոլորը կարելի է անել, բայց պետք է հստակեցնել՝ տարածքին մոտիկ լինի, տարածքից հեռու լինի: Կոնկրետ Գառնիինը այդ ամբողջ պատերի ներսը հուշարձան է: Այնտեղ կարող են համերգներ կազմակերպվել, այնտեղ կարող են տոնահանդեսներ կազմակերպվել: Հենց զբոսաշրջիկների հոսքն արդեն երևույթ է այդ տարածքում, էլ չասեմ  շրջակա բնակչության սոցիալական կապը այդ տարածքի հետ, չէ՞ որ այդ կապը գոյություն ունի: Մենք խախտում ենք շատ ավանդույթներ: Սրանք բոլորը չմշակված հարցեր են»,- ասում է նա:

Հունիսի 14-ին մեկ օրով վարձակալվել էր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքը, որը տրամադրվել էր ինչ-որ փակ միջոցառման համար:

«Ես գիտեմ, որ իրենց կողքն են տրամադրել, ոչ թե ներսի տարածքը: Դարձյալ անհասկանալի է ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացրած սկզբունքով ո՞ր տարածքն է ներկայացված: Իմ առաջին ընկալումն այն է, որ մենք կարծես թե որևէ չափանիշ չունենք այս հարցերում»,- նշում է Խառատյանը:

Հրանուշ Խառատյանի համար անհայտ է, թե մշակույթի նախարարության իմաստը որն է մեր երկրում:

«Մեր մշակույթի նախարարության ամբողջ գործառույթը միջոցառում կազմակերպելն է,- ասում է նա,- մեր մշակույթի նախարարությունը դեռևս նորմալ կոնցեպցիա չի դրել, թե որն է մշակույթը: Մշակույթի նախարարը ասում է՝ Միկոյանի մասին թաքուն խոսեք: Այսինքն՝ թաքուն թող ապականված լինի հասարակությունը: Մշակույթի նախարարն ասում է՝ ես հոգնել եմ, ժողովուրդ, ինձ տենց հարցեր մի տվեք: Նախարարը հիմա ժամանակ չունի ստրատեգիական հարցերով զբաղվելու, փոխարենը՝ զբաղված է կամ այդ նախարարությանը կամ իրենք իրենց այդպիսի դիպվածային հարցերով փող բերելու հարցերով: Հիմա եթե այդ ռեստորան կոչվածի հաճախորդները Գառնուն նայեին ձորից, ավելի լավ չի՞: Մշակութային արժեքին գոնե ներքևից կնայեին, ոչ թե վերևից»,-եզրափակեց նա: