Ոստիկանությունը այսօր իր պաշտոնական կայքում հայտարարություն էր տեղադրել այն մասին, որ երեկ գիշերը քաղաքապետարանի մոտ նստացույցի մասնակից Վահագն Մինասյանը ոչ սթափ վիճակում անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ոստիկանների նկատմաբ, ինչի համար բերման է ենթարկվել։ Զարմանալի է, որ բերման ենթարկելու մասին տեղեկատվությունը, այն էլ՝ դեպքի բավական մանրամասն նկարագրությամբ, այդքան շուտ է հայտնվել ոստիկանության պաշտոնական կայքում։ Եթե վերհիշենք բերման ենթարկելու այլ դեպքերը, ապա դրանց վերաբերյալ տեղեկատվություն ոստիկանության պաշտոնական կայքէջում կա՛մ չէր հայտնվում, կա՛մ հայտնվում էր բավական ուշացումով և ընդհանրական բնութագրերով։ Ասվածը պատկերացնելու համար շատ հեռու գնալ պետք չէ, անհրաժեշտ է ընդամենը վերհիշել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած մասսայական առևանգումները (ըստ ոստիկանության՝ բերումները, բերման ենթարկումները), որոնց մասին տրամադրվում էր ընդամենը ընդհանրական տեղեկատվություն, իսկ յուրաքանչյուր առևանգման-բերման ենթարկելու դեպքը չէր էլ մասնավորեցվում։
Նախկինում նմանատիպ դեպքերի մասին ոստիկանության տեսակետը ներկայացնելու դերն իրենց վրա էին վերցնում մի քանի՝ ոստիկանության հետ գուցե և կապված կայքեր, կամ դա կատարվում էր Youtube.com կայքի մի քանի օգտատերերի կողմից սոցիալական մեդիա մտցվող տեսանյութերի տեսքով, որոնք կառուցված էին այդ նույն ոստիկանության կողմից նկարահանված կադրերի հիմքով։ Սակայն «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի այն հայտարարությունից հետո,թեր ոստիկանությունն ունի մի քանի կայք, որին հետևեց ոստիկանության հերքումը, սեփական գործողությունները օրինականության լույսի ներքո ներկայացնելու և քաղաքացիական ընդվզման դրսևորումների վրա ցեխ շպրտելու դերը իր վրա է վերցրել ոստիկանության պաշտոնական կայքը։
Փաստորեն ոստիկանությունն արդեն պաշտոնապես իրեն դնում է հանրության դեմ խաղացողի դերում՝ ամեն ինչ անելով, որ բացասական լույսի ներքո ներկայացնի ընթացող քաղաքական գործընթացները։ Այս մասին է վկայում նաև Վահագն Մինասյանի մեկնաբանությունը միջադեպի վերաբերյալ, որից պարզ է դառնում, որ իրավիճակը արհեստականորեն սրել է ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանը։
Ի դեպ, նման իրավիճակներում ոստիկանությունը միշտ իրականացնում է նկարահանում, և եթե իսկապես Վահագն Մինասյանը ցուցաբերել է այնպիս վարք, ինչպիսին նկարագրվում է ոստիկանության հաղորդագրության մեջ, ապա նման կադրերը վերջիններս բաց չէին թողնի։ Սակայն կարծես ոստիկանության կողմից չի նկարահանվել և միակ փաստական ապացույցը մնում են քաղաքապետարանի տեսախցիկները։ Եթե իսկապես ճշմարտացի են ոստիկանության բնորոշումները, ապա հեշտությամբ այդ տեսախցիկների ձայնագրություններով հնարավոր է մերկացնել «արգահատելի վարքի տեր ակտիվիստներին»։
Ինչևէ, Վովա Գասպարյանի ղեկավարած կառույցի ներկայացրած սցենարները կարծես վատը չեն, մնում է կատարելագործել ռեժիսուրան և ոստիկանների դերասանական խաղը։