տուն Uncategorized ՄՄ մտնելուց հետո երրորդ երկրների որոշ ապրանքների դրույքաչափերը չեն փոխվի

ՄՄ մտնելուց հետո երրորդ երկրների որոշ ապրանքների դրույքաչափերը չեն փոխվի

158
0

56934

Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը, ի թիվս մի շարք այլ փոփոխությունների, ենթադրում է նաև, որ երրորդ երկրներից կատարվող ներմուծումների ժամանակ Հայաստանը պետք է կիրառի մաքսային միությունում երրորդ երկրների նկատմամբ գործող մաքսատուրքերի միասնական դրույքաչափերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ Մաքսային Միության միասնական մաքսային տարածք երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը սահմանված են Մաքսային միության Միասնական Մաքսային օրենսգրքով, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի կողմից: Որպես այս օրենսգրքի հիմք ընդունված է Ռուսաստանի Դաշնության Մաքսային օրենսգիրքը:

«Մաքսային Միությունում ներկա պահին գործող մաքսատուրքերի դրույքաչափերի զգալի մասը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող մաքսատուրքերի դրույքաչափերին: Կան նաև մի շարք ապրանքատեսակներ, որոնք, ի տարբերություն Հայաստանի,  ունեն մաքսատուրքերի հավասար կամ ցածր դրույքաչափեր : ՄՄ-ում որոշ ապրանքների համար գործում են նաև սակագնային քվոտաներ:

Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության առաջնային քննարկումներում դրույքաչափերի հարցը բազմիցս քննարկվել է, և ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանը, անդամակցությունից հետո նույնպես, որոշ ապրանքների մասով երրորդ երկրներից Հայաստան ներմուծման ժամանակ այնուամենայնիվ կշարունակի կիրառել իր գործող մաքսատուրքերի դրույքաչափերը /բացառություններ կամ մասհանումներ/: Այս պայմանավորվածությունը համապատասխանորեն ներառվել է նաև Ճանապարհային Քարտեզի մեջ: Բացառությունների ենթակա ապրանքների ցանկը, բացառությունների կիրառման տևողության և այլ հարցերին առնչվող մանրամասները ենթակա են բանակցելու և համաձայնեցնելու Մաքսային Միության համապատասխան կառույցների հետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից այս ապրանքացանկի մշակման առաջնային աշխատանքներից հետո այն ներկայացվել է ՀՀ մասնավոր հատվածի քննարկմանը` ինչպես գործարարության աջակցությամբ զբաղվող պետական և ոչ պետական կառույցների, այնպես էլ մասնավոր բիզնեսի մակարդակով: Ներքին քննարկումների ամփոփումից հետո ցանկը կներկայացվի Մաքսային Միության համապատասխան մարմիններին` հարցը ուսումնասիրելու և բանակցությունը սկսելու նպատակով»,- ասաց փոխնախարարը: