Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի ոչ սակագնային քաղաքականությանն առնչվող կետերի կատարման նպատակով ուսումնասիրվել, նախապատրաստվել և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին են փոխանցվել Հայաստանի Հանրապետության նշված հարցին առնչվող այն նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնցում կպահանջվի կատարել փոփոխություններ՝ ոչ սակագնային կարգավորման ոլորտում Մաքսային միության օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին ՄՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակներում ստեղծված «Սակագնային կանոնակարգման» և «Առևտրի համաշխարհային կազմակերպության և երրորդ երկրների միջև առևտրային քաղաքականության հարցերով» աշխատանքային խմբերի ղեկավար, Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը և «Արդյունաբերական հարցերով» և «Ոչ սակագնային հարցերի կարգավորման» աշխատանքային խմբերի ղեկավար, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը:
Նախապատրաստվել են նաև ոչ սակագնային կարգավորմանն առնչվող իրավական ակտերի կոնկրետ կետերում և դրույթներում փոփոխություններ կատարելու ուղղությամբ առաջարկություններ, կատարվում են ԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների և երրորդ երկրների մասով ոչ սակագնային կարգավորման միասնական համաձայնագրի համեմատական վերլուծություններ, ուսումնասիրվել են մի շարք պայմանագրերին Հայաստանի Հանրապետության միանալու հնարավորություններն ու պայմանները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ս.թ. մարտի 10-ին Երևանում աշխատանքային հանդիպում կազմակերպել ոչ սակագնային կարգավորման մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ, որտեղ կքննարկվեն աշխատանքային խմբի գործունեության արդյունքում առաջացած խնդիրները և Ճանապարհային քարտեզով նախանշված հետագա գործողությունները: