Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանում ընթանում է ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը` «Հայաստան-ՄՄ» հնարավորություններ և մարտահրավերներ թեմայով: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված է: Այս մասին համաժողովի ընթացքում նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանն իր ելույթում մասնավորապես ասել է. «Հայտնի փաստ է, որ տնտեսական ինտեգրումն էապես ընդլայնում է երկրների զարգացման հնարավորությունները: Այդ փաստի գիտակցումն է ընկած Մաքսային միությանն անդամակցելու մեր որոշման հիմքում: Միեւնույն ժամանակ, ինտեգրման գործընթացի ճանապարհին ի հայտ են գալիս մարտահրավերներ, որոնց հաղթահարումը մեծապես պայմանավորված է համատեղ աշխատանքի արդյունավետությամբ եւ փոխըմբռնման բարձր մակարդակով: Այս համաժողովը տեղի է ունենում Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության գործընթացի կարեւոր փուլում: Այսօր առկա է արդեն հստակ ձեւավորված աշխատանքային օրակարգ եւ անդամակցության ճանապահային քարտեզ, որոնց քայլերն իրականացման ընթացքում են: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցությունը մեզ թույլ է տալիս էական առաջընթաց արձանագրել այդ ճանապարհին:
Այդ կառուցողական համագործակցության շնորհիվ ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած միջանդամակցային պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված է, իսկ մնացյալներն իրականացման ընթացքում են:
Հաջորդ քայլը միջազգային իրավական փաստաթղթի ստորագրումն է եւ մեր երկրի անմիջական մասնակցությունը միջազգային ինտեգրացիոն գործընթացներին: Համոզված եմ, որ այսօրվա համաժողովը լավ առիթ կդառնա համակողմանիորեն դիտարկելու առկա բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, ի մի բերելու բոլոր տեսակետներն ու փաստարկները՝ իրապես նպաստելու Մաքսային միությանն Հայաստանի անդամակցության սահուն իրականացմանը: Բոլորին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»: