Աշխատանքի եմ գնում: Նստում եմ Էջմիածին-Երևան տաքսին և սպասում` մնացած հինգ ուղևորներին: Ընդամենը մի քանի րոպե եմ սպասում: Արդեն բոլորը տեղում են: Տաքսին շարժվեց:
Ասեմ, որ սիրում եմ նստել այնպես, որ մեքենայի ապակուն մոտ լինեմ: Էջմիածնից Երևան գալու ճանապարհին բոլոր եկեղեցիները երևում են: Ու ես դրանց ուշադիր նայում եմ` ինչպես առաջին անգամ, մտովի խոսում Բարձրյալի հետ:
Մի պահ գլուխս թեքում եմ ուղևորների կողմն ու նկատում, որ կողքիս նստած երիտասարդ աղջիկը ականջակալներով է, ձեռքին՝ հեռախոս: Առջևում նստած երեք ուղևորներն էլ քչփորում են իրենց սմարթֆոնները: Իսկ ես ինտերնետ չունեմ: Հեռախոսիս հետ իմ կապն այստեղ ընդհատվում է: Ու ես ինձ մի տեսակ անհարմար եմ զգում` «մոլորակից» դուրս:
Ու հավատացեք՝ մի տեսակ տխրեցի: Դրսում գարուն է, տաք, պայծառ արև: Բայց փողոցները դատարկ են, ամայի: Մարդկային իրական շփման պակաս կա: Բոլորս խորացել ենք սոցցանցերի մեջ ու մոռացել, որ կան իրական մարդիկ, իրական կյանք։ Եվ ես առաջին անգամ զգում եմ ճանապարհի երկարությունը: Ու ես մենակ եմ: Կողքիններս կան, բայց չկան:
…Համացա՛նց, մենք քո գերին ենք. ուղեղիս մեջ էս միտքն է անընդհատ պտտվում:
Ու ես վստահ եմ, եթե վարորդն էլ հնարավորություն ունենար, անկասկած, կուզենար վիրտուալ վարել մեքենան:
Մղձավանջային միայնակության մտքից ինձ արթնացրեց խցանման մեջ հայտնված մեքենաների ազդանշանների ձայնը: Ու մինչ կհասնեի խմբագրություն, բացեցի աշխատանքային նոթատետրս ու այս պատմությունը սղագրեցի:
Հայկ Մագոյան