տուն Լուրեր «Մի քանի օր առաջ «նիգոդնի» էին ասում, հախը չկարողացանք տալ, հիմա հիվանդ...

«Մի քանի օր առաջ «նիգոդնի» էին ասում, հախը չկարողացանք տալ, հիմա հիվանդ երեխուս տանում են բանակ»

237
0

zinԱյսօր ԳԱԼԱ-ին է դիմել Գյումրու բնակչուհի Գոհար Խաչատրյանը, ով դժգոհում էր, որ իր հիվանդ որդուն բանակ են զորակոչում այն բանի համար, որ ինքը չի կարողացել անհրաժեշտ գումար տալ: Նա ասաց, որ մի քանի օր առաջ նրան հավաստիացրել են, որ տղան խնդիրներ ունի հոգեկան առողջության հետ կապված, դրա համար պիտանի չէ ծառայության համար: Սակայն այսօր արդեն տեղեկացրել են, որ որդուն ճանապարհելու են բանակ:

«Երեխին մինչեւ անգամ հոգեբուժարան ուղարկեցին, ներվերի պրոբլեմ ունի, աչքերը 10 տոկոս չի տեսնում, սրտի պրոբլեմ էլ ունի: Ներկա պահին մայրս մտել է ներս, վիճաբանում է բժիշկների հետ, որովհետեւ նրան ասել են՝ գումար չտվին, դրա համար ներկա պահին կգնա բանակ: Ներվային բժիշկն է այդ մասին ասել»,-փոխանցեց ապագա զինակոչիկի՝ Զիլֆիմյան Սամվելի քույրը:

Ավելի ուշ մենք զրուցեցինք նաեւ մոր՝ Գոհար Խաչատրյանի հետ, ով ասաց, որ տղան մանկուց խնդիրներ է ունեցել, 8 տարի մանկատան սան է եղել, եւ բոլորը գիտեն այն մասին, որ Սամվելը հիվանդ է:

«Իմ երեխայի ներվային սիստեմը մանկուց խանգարված է, ինքը նաեւ կակազելով է խոսում, սրտի խնդիրներ ունի: Մենք եկանք զինկոմ տեղյակ պահեցինք, ստուգեցին, ներվային բժիշկը ուղարկեց Երեւան հոգեբուժարան, 3 օր մնաց կոմիսիա արեցին, այնտեղից փախել է երեխան: Նոր էլ մեզ ասել են, որ հմի պիտի տանեն, ես միամիտ լսեցի բժիշկների խոսակցությունը, մեկը մյուսի հետ խոսում էր, ասում էին` հախը չտվավ, եթե հախը տար, չէին տանի: Այդ մասին ներվային բժիշկը ասաց վիրաբույժին: Ես էլ միանգամից ասացի՝ եթե փող չունեմ, պտի իմ հիվանդ երեխային տանե՞ք, հա… ու վիճաբանություն սկսվեց:

Ես գիտեմ, որ իմ երեխան բանակի բան չէ: Նա տանը մեզ հետ նույնիսկ չի կարող յոլա գնալ, ամեն ինչ կոտրել է, փշրել… հիմա սրա ձեռքը զենք տան, նա ի՞նչ կանի: Նա կամ մարդ կսպանի, կամ իրեն կսպանի, հասկացեք, հիվանդ երեխային չի կարելի բանակ զորակոչել: Մենք մինչեւ այսօր բոլորս էլ գիտեցել ենք, որ «նիգոդնի» է Սամվելիկը, բայց այսօր միանգամից որոշել են՝ տանում են»,-ասաց տիկին Գոհարը:

Նա ասաց, որ մինչեւ վերջ բողոքելու եւ հաստատելու է, որ որդին պիտանի չէ ծառայության համար:

«Ինքը չի հասկանում: Ինքը մանկատանն է եղել: 8 տարի մանկատանն է ապրել, 8-րդը չի ավարտել, հայրը 7 տարի է՝ անհայտ կորած է, մանկատունն է մեծացել իմ երեխաս:

Իրա հետ հեչ մարրդ չի կարող խոսա, շուտ կբռնկվի: Ինքը միշտ էլ ասել է` ես գնացի` ինձի կկրակեմ, ինքը այդ վախով է: Կսե` իմ ներվերս հանեցին` կկրակեմ»:

Տիկինը ասաց նաեւ, որ ոչ մի անգամ տղան չի բուժվել եւ որևէ փաստաթուղթ էլ չունի: Բայց բակում, դպրոցում ու մանկատանը բոլորն էլ Սամվելին գիտեն որպես հիվանդ երեխա:

ԳԱԼԱ-ն զրուցեց նաեւ «Հույս» մանկատան գործադիր տնօրեն Անահիտ Կարապետյանի հետ: Տիկին Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սամվել Զիլֆիմյանը բարդ երեխա է եղել. «Նա այո, շատ շուտ էր ներվայնանում եւ նաեւ այո, կակազում էր՝ հատկապես երբ ներվայնանում էր: Մենք նաեւ կապում էինք իրա բարդ տարիքի հետ, որ հասունացման շրջան էր եւայլն… բայց ասել՝ նա բանակի համար պիտանի էր, թե ոչ, իհարկե, ես չեմ կարող…»:

Մանրամասները` galatv.am — ում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here