տուն Քաղաքական Հայաստան 104-ամյա Գուրգեն պապը. մի վետերանի պատմություն

104-ամյա Գուրգեն պապը. մի վետերանի պատմություն

379
0

Գուրգեն Ճուղուրյանին Էջմիածնում բոլորը գիտեն: Վաստակաշատ մանկավարժը կեսդարյա աշխատանքի ընթացքում դասավանդել է էջմիածնեցիներից շատերին: Բայց ընկեր Ճուղուրյանի փառքը միայն մանկավարժությամբ չի սահմանափակվել: Մինչ սաներին կրթելը հայրենիքի առաջ պարտքն է կատարել: Հայրենական Մեծ պատերազմը դարձավ նրա ճակատագիրն ու մեծ հետք թողեց ամբողջ կյանքի վրա:

Պատերազմի մասին պատմությունը 104-ամյա Գուրգեն պապը սկսում է նրանից, թե ինչպես էր հինգ տարի առաջ պատրաստվում Մոսկվա մեկնել` Հաղթանակի 70-ամյակի հոբելյանական տոնակատարություններին մասնակցելու:

«Մոսկվան հրաշալի քաղաք է: Մարդկանց ջերմ ընդունելությունից շոյված էի: Նրանք գնահատում էին վետերաններիս սխրանքը: Այնտեղ ինձ հոբելյանական շքանշան տվեցին, կարևոր շքանշան…»,- պատմում է վետերանը:

55 տարվա մանկավարժ-վետերանը հիշողությունների գիրկն է ընկնում: Եվ ինչպես ինքն է ասում, երբեք չի մոռանա 1939 թվականը. «Պատերազմի լուրը տարածվեց աշխարհով մեկ: Զորակոչվում էին անխտիր բոլորը: Ստալինի հրամանն էր: Ես էլ շատ շատերի նման թողնելով դպրոցը, մեկնեցի սահման` կյանքի և մահվան կռիվ տալու հայրենիքիս համար: Չոնգարսկայա դիվիզիայի 33-րդ գնդում  հակատանկային թնդանոթի նշանառու էի»:

Վետերանը պատմում է պատերազմի ամենադաժան ճակատամարտերից մեկի մասին, որտեղ էլ վիրավորվել է. «Կախովկայի արյունալի մարտն էր` Բուկ գետի ափին: Թշնամին համառ էր, և  հակահարված հասցնելը գնալով բարդանում էր:  Հրամայված էր ամեն ինչ անել թշնամուն հետ շպրտելու համար: Հրամանը հրաման է՝ անկախ իրավիճակից: Որպես լավ և դիպուկ նշանառու՝ կրակում էի, բայց մեր սպառազինությունը շատ սակավ էր: Հանկարծ կրակոցներն ավելի ուժգին դարձան: Զգացի`ոտքս տաքացավ: Արյունը շիթով հոսում էր: Բայց վախ չկար…»,- նկատում է Գուրգեն պապը:

Վիրավորվելուց կարճ ժամանակ անց վերադարձավ հայրենիք, ամուսնացավ, որդիներ ունեցավ և կյանքը նվիրեց սերունդներին կրթելու նվիրական գործին:

104-ամյա Գուրգեն պապը ապրում է կրտսեր որդու՝ Հովսեփ Ճուղուրյանի համերաշխ ընտանիքում: Միշտ շրջապատված է ընտանեկան ջերմությամբ, սիրով ու հոգատարությամբ:

Կյանքի  դժվարությունները ճաշակած վետերանն իր երկարակեցությունը համարում է Աստծո պարգև: Ապրում է ակտիվ կյանքով: Առավոտյան մարմնամարզությամբ, սահմանված սննդակարգով, կարգ ու կանոնով…

«Պատերազմը չարիք է, և մենք ապրեցինք այդ չարիքը և փառքով վերադարձանք»,-ասում է  Գուրգեն Ճուղուրյանը:

Չարիքի միջով անցած վետերանին կյանքը շռայլել է անհոգ ծերություն, խաղաղ հայրենիքում ապրելու բախտավորություն: Իսկ մեզ մնում է առողջություն ցանկանալ և ասել`

Շնորհավոր Հաղթանակի օրը, Հերոս…

Հայկ Մագոյան