տուն Սպորտ Մի նկարի պատմություն. «Արարատի» 4 ֆուտբոլիստների գաղտնի «օպերացիան» ԽՍՀՄ-ում

Մի նկարի պատմություն. «Արարատի» 4 ֆուտբոլիստների գաղտնի «օպերացիան» ԽՍՀՄ-ում

407
0

1973 թվականին Երևանի «Արարատը» գրեց հայկական ֆուտբոլի պատմության ամենափառահեղ էջերից մեկը: Արարատցիները նախ տիրեցին ԽՍՀՄ գավաթին՝ եզրափակիչում 2:1 կամային հաղթանակ տանելով Կիևի «Դինամոյի» նկատմամբ, իսկ հետո նվաճեցին առաջնության ոսկե մեդալները՝ վերջում կրկին շրջանցելով դինամոյականներին:

Արարատցիները չնայած այդ տարի շատ հաջող էին հանդես գալիս ներքին մրցաշարերում, սակայն հազվադեպ էին հայտնվում ԽՍՀՄ հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում: Ազգային թիմի հանդիպումներին հիմնականում հրավիրվում էր մեր թիմի անփոխարինելի 6 համարը՝ Արկադի Անդրեասյանը:

Սակայն, մրցաշրջանի ավարտից հետո «Արարատի» միանգամից չորս խաղացողներ հրավիրվում են ԽՍՀՄ հավաքական: Դա երկրորդ դեպքն էր, որ այդքան արարատցիներ հայտնվում են հավավաքական թիմում: Առաջին անգամ «Արարատի» խաղացողները հրավերք ստացել էին 1971 թվականին, Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի հետ ընտրական խաղից առաջ, քանի որ այն կայանալու էր Երևանի նորաբաց «Հրազդան» մարզադաշտում, իսկ հայ ֆուտբոլասերներին ստադիոն բերելու համար թիմ էին կանչել միանգամից չորս արարատցիների՝ Հովհաննես Զանազանյանին, Արկադի Անդրեասյանին, Լևոն Իշտոյանին և Նորայր Մեսրոպյանին: Մեր ֆուտբոլիստները չորս գոլ են խփում այդ խաղում և խոշոր հաղթանակ պարգևում ԽՍՀՄ օլիմպիական հավաքականին՝ 4:0:

1973 թվականին ԽՍՀՄ հավաքականում առաջին անգամ հայտնվում է դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը, որն այդ տարի իրավամբ լավագույնն էր այդ դիրքում: Մյուս երեքը մեզ արդեն ծանոթ Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանն ու Լևոն Իշտոյանն էին: Սակայն երկար տարիներ շարունակ խորհրդային լրագրողներն այդ հավաքականը ներկայացնում էին որպես ԽՍՀՄ երկրորդ, այլ ոչ թե առաջին թիմ: Ինչո՞ւ:

Պատճառն այն էր, որ նրանց այդպես էին ասել ֆուտբոլի ֆեդերացիայի չինովնիկները, իսկ դա կասկածի տակ առնելու տեղիք չպետք է տար նրանց մոտ: Իրականում, ֆուտբոլի ֆեդերացիան այդ ժամանակ գաղտնի «օպերացիա» էր նախատեսել, որը չէր ցանկացել հայտնել լրագրողներին:

Այդ ժամանակ խորհրդային ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ էր վարում ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հետ՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի Չիլիի հետ պատասխան խաղն չեզոք խաղադաշտում անցկացնելու համար: Հարավամերիկյան այդ երկրում ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել, և խորհդրային չինովնիկները հրաժարվում էին թիմ ուղարկել այնտեղ:

Բանակցությունների ընթացքում ֆուտբոլի ֆեդերացիան երկրորդ հավաքականի անվան տակ ազգային թիմին գործուղում է Հյուսիսային և Հարավային Ամերիկա, որտեղ այն անընդհատ ընկերական խաղեր է անցկացնում տեղի ակումբային թիմերի հետ: Նպատակն այն էր, որ ֆուտբոլիստները պահպանեին իրենց մարզավիճակը, և եթե ՖԻՖԱ-ն ընդառաջ գնար և խաղը տեղափոխեր չեզոք դաշտ, ապա թիմը կազմ-պատրաստ կլիներ Չիլիի հետ հանդիպմանը:

Ավաղ, գաղտնի այդ «օպերացիա» չի աշխատում, քանի որ միջազգային ֆեդերացիան չի ընդառաջում և ԽՍՀՄ հավաքականին տեխնիկական պարտություն է գրանցում խաղին չներկայանալու համար: Արդյունքում, Չիլիի ընտրանին դառնում է աշխարհի թվով 10-րդ առաջնության վերջին՝ 16-րդ մասնակիցը:

Հյուսիսային և Հարավային Ամերիկայում անցկացրած ստուգողական խաղերից մեկում ԽՍՀՄ հավաքականի կազմում միանգամից ընդգրկվում են «Արարատի» չորս խաղացողներ (տես նկարը): Դրանից հետո արարատցիները հազվադեպ են հրավիրվել Խորհրդային Միության հավաքական, և միայն Խորեն Հովհաննիսյանին է հաջողվել 1979-84թթ մշտապես պահպանել իր տեղը գլխավոր թիմի կազմում:

Աղբյուրը` a1plus.am