Գրում եմ որպես մարդ, որը տեսել է 88 թ. երկրաշարժը, 88-90 թթ. ժողովրդական զարթոնքը, 92-94 թթ. պատերազմը, 96 թ. Աժ գրավումը, 99 թ. հոկտեմբերի 27-ը, 2008 թ. մարտի 1-ը և վերջապես 2016 թ. ապրիլյան պատերազմը (էս ինչ հին եմ ես փաստորեն): Վերջին օրերին անընդհատ խոսվում է տարբեր վճարումները (բանկային տոկոսներ, վարկեր, կենցաղային վճարումներ և այլն) հետաձգելու մասին: Իմ շատ սիրելի հայրենակիցներ, ես հասկանում եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր իրոք ծանր ֆինանսական վիճակի մեջ են: Բայց, ինչպես արդեն նշեցի, որպես մարդ, որը շատ բան է տեսել, ասեմ, որ կորոնավիրուսից հետո հաստատ կյանքը շարունակվելու է: Այս պահին ամենակարևորն, անկասկած, մարդկանց առողջությունն է: Բայց, երբ այս մղձավանջն ավարտվի (իսկ դա, համոզված եմ, շատ ուշ չի լինի), մենք պետք է կարողանանք վերադառնալ բնականոն կյանքի: Եվ ինչքան քիչ վնասված լինի տնտեսությունը, այնքան ավելի արագ կվերադառնանք այդ ռեժիմին: Հիմա պատկերացրեք, որ ոչ ոք չվճարի հոսանքի, գազի, ինտերնետի համար կամ բանկի գումարները: Որտեղից պետք է պետությունը (որին այդ տնտեսվարողները պետք է հարկեր վճարեն) վճարի մեր թոշակառուների թոշակները կամ բյուջետային աշխատողների աշխատավարձերը: Փառք Աստծո, օրերը երկարել են և տաքացել, ինչը զգալի կկրճատի հոսանքի և գազի ծախսը: Իսկ ինտերնետ պրովայդերներին հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել (ինչպես և հեղափոխության օրերին) հստակ և անխափան աշխատանքի համար: Համոզված եմ, որ բոլոր այս կազմակերպությունները ճկուն կգտնվեն սոցիալապես առավել խոցելի խմբերի հանդեպ: Իսկ մնացածը պետք է հասկանան, որ սա այն դեպքն է, որ կամ միասին պետք է դուրս գանք այս իրավիճակից, կամ միասին կխորտակվենք, արդեն ոչ թե կորոնավիրուսից, այլ հետվիրուսային տնտեսական կոլափսից: Այնպես, որ մի ճնշեք տնտեսվարողներին… բացառությամբ նրանց, ովքեր այս իրավիճակում փորձում են գերշահութներ ստանալ և անհիմն բարձրացնում են գները: