Պետական վերահսկողական ծառայության պետ (ծառայությունը ժամանակավորապես դադարեցված է) Դավիթ Սանասարյանն ու իր պաշտպանները ասուլիսի ընթացքում ներկայացրել են Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործի մանրամասները:
«Որտեղի՞ց եկավ այս ամենը: Ամիսներ շարունակ իմ վերաբերյալ երկրի վարչապետին զեկուցվում է սխալ ինֆորմացիա՝ թոշակի գնացած պաշտոնյայի կողմից: ԱԱԾ լայնածավալ ռեսուրսների գործածման հետևանքով պարզվեց, որ նման բան չկա»,- նշել է Սանասարյանը:
Սանասարյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանի խոսքերով՝ Պետական վերահսկողական ծառայության պետի դեմ գործը սարքվել է. «Վարույթ ընդունող մարմինը միայն մեկ նպատակ էր հետապնդում՝ կասեցնել պարոն Սանասարյանի լիազորությունները: Մեր պաշտպանյալի դեմ այդ մեղադրանքը շինծու է եղել»:
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի մյուս պաշտպան Արսեն Սարդարյանը նշեց, որ որևէ ցուցմունքով չկա նման բան, որ Սանասարյանը Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի, Տարոն Ավետիսյանի սխեմաներից տեղյակ է եղել. «Երեքն էլ նշել են, որ գումարն իրենց միջև են բաշխել»: Պաշտպան Արսեն Սարդարյանը հավելել է, որ հարուցված քրեական գործով տրված ցուցմունքները կեղծ են եղել:
«Իմ մոտ են եկել Ադյանի հարազատները, փաստաբանները և ասել, որ նրան ճնշում են, որ իմ դեմ ցուցմունք տա: Հիմա, ի՞նչ է ստացվում՝ ես և երկրի վարչապետը, որ որոշում ենք պայքարել կոռուպցիայի դեմ, մի հատ Ադյան է հայտնվում, ու մենք իրեն ասում ենք՝ ինչ ուզում ես արա՞»,- ասաց Սանասարյանը: