տուն New Year News Մի անգամ այնպես էի թաքցրել նվերները, որ չէի կարողանում գտնել. ՀՀ Արդարադատության...

Մի անգամ այնպես էի թաքցրել նվերները, որ չէի կարողանում գտնել. ՀՀ Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյան

883
0

Ի թիվս այլ ակնկալիքների, Ամանորը նաև արդարության սպասում ունի: Ինչպիսի՞ն է ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը պաշտոնական հարաբերություններից դուրս, արդյոք հավատում է իր անվան մոգական ուժին, սիրո՞ւմ է Նոր Տարուն նվերներ տալ-ստանալը, տարեմուտի ի՞նչ պատմություններ և բարեմաղթանքներ ունի կին պաշտոնյան: 

Ժամեր անց տարին կավարտվի. նախատոնական այս շրջափուլում ի՞նչ տպավորությամբ եք ճանապարհում հերթական տարին և ինչո՞վ առանձնացավ այն ձեզ համար:

Իմ բոլոր տարիները բազմաթիվ ու բազմապիսի իրադարձություններով լի են եղել, սակայն այս տարին, կարծում եմ՝ աննախադեպ էր բոլորիս և յուրաքանչյուրիս համար: Ինձ համար տարին հատկանշական էր ձեռքբերումներով, որոնցից հատկապես կարևորում եմ պատասխանատվության՝ ինձ համար հաճելի, բայց միևնույն ժամանակ անչափ ծանր բեռի ստանձնումը: Հետաքրքիր զգացողություն է, երբ պահանջատիրոջից վերածվում ես կատարողի, երբ զգում ես, որ շատ ու շատ մարդկանց պահանջներն այսուհետ նաև քեզ են ուղղված։

Վերջին տարիներին մշտապես փորձել եմ պատվով համատեղել հասարակության  համար երբեմն անհամատեղելի կին-մայր-հաջողակ մասնագետ «պաշտոնները»։ Այս տարի, իհարկե, շատ ավելի բարդ էր, քանի որ ժամանակիս մեծ մասը տրամադրել եմ աշխատանքին, երբեմն նույնիսկ մեղքի զգացումով, բայց հանգիստ սրտով, քանի որ թիկունքումս մշտապես զգացել եմ ընտանիքիս հսկայական օգնությունը։

Տարին ճանապարհում եմ «լայնէկրան» ժպիտով, իսկ նոր տարվանից ակնկալում եմ նոր ձեռքբերումներ։

Չարչրկված միտք է գուցե, այդուհանդերձ՝ Փոքրիկ իշխանի օրինակով վերհիշենք, որ մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից: Վերախմբագրելով Էքզյուպերիի հայտնի միտքը, կարելի է ասել, գալիս ենք մանկությունից և մանկական հիշողությունից, այդ թվում՝ Ամանորի հետ կապված: Ի՞նչ հուշ է ձեզ կապում Սուրբ Ծննդյան տոներին, վաղ տարիքում ինչո՞վ է այն դրոշմվել ձեր հիշողության մեջ…

Ես այն բախտավորներից եմ, ովքեր շատ երջանիկ մանկություն են ունեցել։ Մեր ընտանիքում Ամանորն իսկական տոն էր, որին ես սկսում էի պատրաստվել տոնից շատ ամիսներ առաջ։ Նախապատրաստական աշխատանքները նախանշվում էին ընտանիքիս անդամներից գումար հավաքելով, որպեսզի կարողանայի դեկտեմբերի 31-ին բոլորի համար նվերներ գնել։ Նվերները պատրաստում էի մոտ մեկ ամիս առաջ և թաքցնում, որպեսզի անակնկալս ստացվեր ու մինչև Ամանորի գիշերը դրանց տեղը հաճախ փոխում էի, որպեսզի անհնար դարձնեի դրանց հայտնաբերումը։

Մի անգամ այնքան ջանասիրաբար էի թաքցրել նվերները, որ նույնիսկ ես չէի կարողանում գտնել։ Հենց գիտակցեցի նվերների կորելու փաստը սկսեցի բարձրաձայն լաց լինել։ Տան անդամներն ահաբեկված սկսեցին հարցնել, թե ինչ է պատահել։ Պատասխանին իհարկե հաջորդեց ծնողներիս՝ ինձ համար շատ անհասկանալի բարձրաձայն ծիծաղը։ Այդ ամենն ավարտվեց Ամանորի պատվին շատ մանրամասն հավաքված տունը տակնուվրա անելով։ Կարևորը նվերներս հասան իրենց հասցեատերերին։

Ի՞նչ եք կարծում, յուրաքանչյուր անուն իր մոգականությունը ունի՞, թե ոչ: Օրինակ ձեր անվան՝ Սրբուհու օրինակով, նման զգացողություն ունեցե՞լ եք, անձնական կյանքում, աշխատանքային փոխհարաբերություններում և այլն: Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ ի՞նչ հետաքրքիր բացահայտում կանի Սրբուհին…

Մինչև վերջին ժամանակները մշտապես անհաշտ եմ եղել իմ անվան հետ։ Տատիկիս անունն է։ Միշտ հարցրել եմ՝ ինչո՞ւ է հենց ինձ բաժին ընկել տատիկիս անունը, երբ ես ունեմ ինձանից մեծ քույր ում անունը շատ ժամանակակից է՝ Լիլիթ։ Դպրոցական տարիներին ինձ թվում էր ես իմ տարիքային խմբում միակ Սրբուհին եմ, ու անընդհատ հարցնում էի, լավ, ինչի եմ ես «Սրբուհի»։ Չէի սիրում, երբ անունս ամբողջությամբ էին տալիս։ Դրա համար միշտ կրճատում էին. համակերպվել էի «Սրբ», «Սրբուկ» տարբերակների հետ։ Հետո մեծացա ու սկսեցի լսել այլ Սրբուհիների մասին։ Սրտնեղեցի, որ իմ անունից ուրիշներին էլ ունեն։ Գիտեի միակն եմ, այդ փաստը փոքր ինչ սփոփում էր։ Հետո մի քիչ էլ մեծացա ու սկսեցի սիրել անունս ու հենց իսկական անունս, ոչ թե դրա կրճատ դրսևորումները։ Հիմա նոր ծանոթությունների ժամանակ սիրով ու հպարտությամբ եմ այն արտաբերում։ Հատկապես հաճույքով անվանս նշանակությունը բացահայտում եմ օտարերկրացի գործընկերներիս, ովքեր առաջին անգամ անունս լսելուց հետո գրեթե միշտ խնդրում եմ, որ կրկնեմ այն։

Որպես ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալի, չեմ կարող խուսափել՝ ուղղելու այս օրերի համար ոչ օրիգինալ համարվող հարցը. ավելի շատ սիրում եք նվերներ մատուցե՞լ, թե՞ ընդունել: Խոսքն, իհարկե, սիմվոլիկ նվերի մասին է, եկեք՝ մի պահ վերանանք ձեր պաշտոնից, կարգավիճակից:

Նույնիսկ չեմ կարող կողմնորոշվել, թե որն եմ ավելի շատ սիրում։ Գործընթացն եմ սիրում նվիրելու ու նվեր ստանալու։ Սիրում եմ, երբ նվերները բացվում են միանգամից։ Շատ անհամբեր եմ։ Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր նվերի փաթեթավորումը ոչ թե միանգամից պատռում են, այլ շատ համբերատար, առանց փաթեթավորումը վնասելու, մի քանի րոպե ծախսելուց հետո միայն, բացում են նվերը։ Եղել են դեպքեր, երբ իմ նվիրած նվերը վերցրել եմ հասցեատիրոջ ձեռքից, փաթեթավորումը պատռել եմ ու ինքս բացել, որպեսզի ավելի շուտ ականատես լինեմ հասցեատիրոջ ուրախությանը։ Կարծում եմ սիրելի մարդկանց ժպիտներ պարգևելուց ավելի հաճելի բան չկա։

Տարին բարդ էր, հարուստ էր իրադարձություններով, որպես պաշտոնյա առնչվել եք բազմաթիվ օրինագծերի, աշխատանքների, կայացրել դժվարին որոշումներ և այլն: Եթե հանրագումարի բերենք, ի՞նչպիսին էր այն ձեր գերատեսչության, անձամբ ձեր և մեր երկրի համար:

Պետական մարմինների առաքելությունը քաղաքացու կյանքն ավելի լավը դարձնելն է։ Այդ նպատակով իրականացվող և դեռ իրականացվելիք բարեփոխումների կարևոր դերակատարներից մեկն էլ մեր գերատեսչությունն է։ Կարող եմ վստահաբար ասել, որ ես և իմ գործընկերներն աշխատել ու աշխատում ենք ուժերի գերլարումով։ Տարին մեր գերատեսչության համար արժևորվեց մի շարք ծրագրերի մեկնարկով, որոնք նպատակ ունենք հաջողությամբ շարունակել նաև գալիք տարիներին։

Այս տարի արդարադատության նախարարության ջանքերով մշակվեցին մի շարք ռազմավարական կարևոր փաստաթղթեր, որոնց մի մասը հաստատվեց կառավարության կողմից։ Ընդունված փաստաթղթերից երկուսը՝ հակակոռուպցիոն ու քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարությունները հենց իմ համակարգման ոլորտում են։ Կարևոր է շեշտել այն հանգամանքը, որ բարեփոխումը հնարավոր չէ իրականություն դարձնել մեկ օրում կամ մեկ տարում, և շոշափելի արդյունքները տեսանելի են դառնում ավելի ուշ։

Հարկ է նշել, որ ռազմավարությունների միջոցառումների ծրագրում ներառված գործողությունները պետք է ամբողջությամբ կատարվեն եկող երեք տարիների ընթացքում, ուստի, մեզ բուռն և բազմաթիվ մարտահրավներով լի աշխատանքային օրեր են սպասպվում։ Վստահեցնում եմ, որ հետևողականորեն կատարելու ենք յուրաքանչյուր գործողություն՝ վերջնարդյունքում հասնելով ռազմավարական բոլոր նպատակների իրականացմանը։

Շատ ուրախ եմ, որ այս տարին ինձ ընձեռեց մասնագիտական կարողություններս զարգացնելու, ինչպես նաև պետության զարգացման գործում իմ փոքրիկ ավանդն ունենալու նոր հնարավորություններ։

Ձեր տոնական մաղթանքը կարող եք հղել մեր ընթերցողներին:

Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր բոլորին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ: Ցանկանում եմ, որ մենք բոլորս չապրենք միայն ապագայի՝ լավը լինելու ու հրաշքի սպասումով, չմոռանանք ներկան, և հենց այսօր ու հենց մենք լինենք մեր ու մեր երեխաների համար այդ հրաշքը ստեղծողը, հիմա ու այս պահին մեզ համարենք հաջողակ ու երջանիկ, գնահատենք այն՝ ինչ ունենք։ Լինենք իսկական, ինքներս մեզ ավելի լավը դարձնենք, հաշտ լինենք բոլորի ու ինքներս մեզ հետ, սիրենք ու սիրված լինենք, ջերմացնենք մեր շրջապատը: Կյանքն ակնթարթ է, պետք չէ վատնել այն զազրախոսելու, փնովելու, դժգոհելու ու ինքներս մեզ դժբախտ համարելու վրա: Բոլորին ժպիտներ ու բազմաթիվ դրական իրադարձություններով լի տարի եմ մաղթում։

զրուցեց Արա Ալոյանը