Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 11:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատակիցները հողաշերտի տակ հայտնաբերել են մարդկային ոսկորներ, գանգեր:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, կատարվածի մասին հիվանդանոցի ադմինիստրացիան տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Հիվանդանոցի հարեւանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին, որ այս հատվածը սովետական տարիներին եղել է գերեզմաններ եւ, հավանաբար, դրա արդյունքում է հայտնաբերվել այդ ամենը: Հիվանդանոցի անձնակազմը նշված հատվածում կապիտալ փոխում է նաեւ էլեկտրասնուցման եռաֆազ մալուխները, քանի որ սովետական տարիներին եղած մալուխները կարելի է համարել «դարն ապրած»: