«Միսս Բոստոն 2020» Քրիստինա Այանյանը խոսել է գեղեցկության մրցույթում իր տարած հաղթանակի, կյանքում ունեցած նվաճումների և այն մասին, թե ինչ է իր համար նշանակում հայ լինել:
Աղջիկը «Ամերիկայի ձայն»-ին հայտնել է, որ իր ծնողները 27 տարի առաջ Հայաստանից տեղափոխվել են ԱՄՆ:
Նա ութ տարեկանից մասնակցում է գեղեցկության մրցույթներին: Քրիստինան առաջին հայն է, որ երբևէ արժանացել է «Միս Բոստոն» տիտղոսին: Նա լավ է տիրապետում մայրենի լեզվին:
«Ես հայկական դպրոց եմ ավարտել, և իմ կյանքը հայկական արժեքներով լեցուն է եղել: Հայոց լեզուն ամենակարևոր բաղադրիչն է նրա համար, որ լինես հայ, իմանաս քո ժողովրդի պատմությունը: Մենք միշտ հայերեն ենք խոսում տանը և ընկերների հետ, և Բոստոնի մեր համայնքը շատ ուժեղ է»,- ասել է Քրիստինա Այանյանը:
Քրիստինան նաև հայտնել է, որ քանիցս եղել է Հայաստանում, իսկ վերջին անգամ հայրենիք է այցելել 2019-ի ամռանը՝ Համահայկական խաղերի ժամանակ:
Այանյանն աշխատում է որպես ֆոնդային բորսայի վերլուծաբան, նա նաև թղթակցում է Բոստոնի «Armenian Weekly» շաբաթերթին:
Քրիստինա Այանյանը շնորհակալություն է հայտնել բոլորին իրենց բարեմաղթանքների համար, հավելելով, որ շատ է սիրում Հայաստանն ու հայերին:
Հիշեցնենք, որ Բոստոնի «Միսս Բոստոն» ամենամյա գեղեցկության մրցույթում հաղթողը հայուհի Քրիստինա Այանյանն է: