Այսօր Երևանում տեղի ունեցավ «2014 թվականի Միջուկային անվտանգության գագաթնաժողովի ներկայացում. առանցքային գաղափարներ և նոր լուծումներ» խորագրով գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպել էր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնըˋ Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկավ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Ն.Գ. Հանս Հորբախը։ Դեսպանը կարևորեց այսպիսի գիտաժողովները, որոնք հնարավորություն են տալիս քննարկել այն խնդիրները, որոնք առկա են աշխարհում և դրանց միջոցով փորձել գտնել ճանապարհներ, որոնք հնարավորություն կտան միջուկային էներգիան օգտագործել միայն խաղաղ նպատակներով:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը շատ կարևոր է համարում միջուկային զենքի չտարածումը, որի համար պայքարում է ամբողջ աշխարհը: Նա հիշեց այն դեպքը, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո միջուկային զենք ունեցող երկրներ Ղազախստանը և Ուկրաինան հրաժարվեցին այդ զինատեսակներից. «Սա շատ կարևոր երևույթ էր միջուկային զնեքի չտարածման տեսանկյունից: Ի դեպ այս օրը նշվում է նաև ՄԱԿ-ի կողմից, որպես կարևորագույն օր»,-ասաց քաղաքագետը:
Թեմայի շուրջ իրենց կարծիքները հայտնեցին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գևորգ Ղարիբջանյանը, Նիդերլանդների Էկոնոմիկայի նախարարության Միջուկային տեղակայանքների և անվտանգության վարչության միջուկային անվտանգության քաղաքականության համակարգող Մարկո Շրավերը, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը, ՀՀ պաշտպանության նախարարության` Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Արմեն Մանվելյանը եւ ԳՏՀՎԿ ղեկավար Ստեփան Գրիգորյանը: