Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գրասենյակը Աֆրիկյանների տան խնդրով նոր հարցադրումներ է ուղարկել Ոստիկանություն: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կ. Անդրեասյանը:
«Արագ արձագանքման մեր խմբի աշխատակիցները վերջին շրջանում իրենց աշխատանքային ժամերի մեծ մասն անցկացրել են Աֆրիկյանների տան մոտ: Մենք ստիպված էինք մեր աշխատակիցներին մշտապես ուղարկել այնտեղ, իսկ հիմա մի շարք հարցադրումներ ենք ուղարկել Ոստիկանություն, քանի որ դժվար է իրավիճակը գնահատել առանց իրավապահների եզրակացության»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Էլեկտրաէներգիայի հարցով ցույցերի ընթացքում տեղ գտած ոստիկանական բռնություններին, ապա, Անդրեսայանի ասելով, դրանց իրենք գնահատական կտան միայն Ոստիկանության ծառայողական քննությունից հետո: Հիշեցնենք, որ ՄԻՊ-ն արդեն հայտարարություն է տարածել, որտեղ ոստիկանության գործողություններն անվանել է ոչ պրոֆեսիոնալ, իսկ մի շարք ցուցարարների վարքն՝ անընդունելի: Հունիսի 23-ին ՀԾԿՀ շենքի դիմաց ոստիկանների և ակտիվիստների միջև տեղի ունեցած բախման ընթացքում 27 ակտիվիստ էր տարվել ոստիկանության բաժանմունքներ: