Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:
ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
Արման Թաթոյանը պատասխանում է պատգամավորների հարցերին.
«Նախ՝ ցավակցությունս եմ հայտնում զինծառայողի մահվան դեպքի կապակցությամբ: Ուզում եմ հատուկ նշել, որ նմանատիպ բոլոր դեպքերը մեր ուշադրության ներքո են: Գիտեք, ոչ վաղ անցյալում՝ կարճ ժամանակ առաջ՝ տարեսկզբին, տեղի ունեցան իրար հաջորդող դեպքեր՝ ցավոք սրտի, մահվան: Այդ ժամանակ պաշտպանության նախարարության հետ՝ նախարարի հետ ես քննարկեցի և մենք աշխատակազմով որոշեցինք անպայման այցեր անցկացնել զորամասեր: Այցեր իրականացրեցինք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ… Արձանագրել ենք թե լուծման ենթակա հարցեր, թե դրական առաջընթաց, բայց ամենակարևորը որն է՝ մենք իհարկե պետք է բարձրացնենք զինվորի, սպայի պատիվը մեր հասարակությունում, բայց դրա հետ մեկտեղ մենք պետք է շատ ուշադրություն դարձնենք նաև զինծառայողների ընտանիքների անդամների խնդիրներին, օրինակ, սոցիալական բնույթի հարցերին և այլն: Օրինակ՝ մենք դեպքեր ունենք, երբ զինծառայողի ընտանիքի անդամները, մայրերը, ասենք, ծնողները ենթարկվում են վիրահատության և այլն… Այստեղ մենք ՊՆ-ի հետ համատեղ այցեր ենք իրականացնում զինվորական հոսպիտալներ… Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծված է հատուկ բաժին, որը մասնագիտացված սկզբունքներով աշխատում է հատուկ ուղղություններով: Եվ կարծում եմ, որ մարդու իրավունքները ԶՈւ-ում պետք է լինեն բոլորիս հոգածության ու ուշադրության առարկա»: