Այսօր տարեվերջյան ամփոփ ասուլիսով է հանդես եկել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարը նախ անդրադարձել է նման տարեվերջյան ասուլիսներին` շեշտելով, որ եթե ընդամենը տարեկան մեկ անգամ պետք է հասարակությունը տեղեկանա արդարադատության նախարարության գործունեության մասին, ապա ասուլիսը կորցնում է իր նշանակությունը: Նա նշել է, թե այն վիճակը, որ գոյություն ունի նախարարության ոլորտներում, իրեն չի գոհացնում: Ապա խոսել այդ ոլորտներում տիրող իրավիճակի մասին: Առաջին հերթին խոսել է քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդրից` նշելով, որ առաջին անգամ է, որ բանտարկյալների թվից ավելի մահճակալներ կան. «3998 դատապարտվածի համար կա 4380 մահճակալ, սա չի նշանակում, որ առանձին հիմնարկներում ծանրաբեռնվածություն չունենք, սա կատարված աշխատանք է»,-ասաց նախարարը: Ապա վստահեցրեց, որ կիսով չափ նվազել են նոտարիատից ստացված բողոքները, գործարկվել է էլեկտրոնային «ԶԱԳՍ»-ը, ինչի շնորհիվ, նրա հավաստմամբ, հարյուր տոկոսով բացառվելու է ընտրողների ցուցակում մահացած անձանց անուններ ընդգրկելը:
Ապա անդրադարձել է գլխավոր խնդրին` մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, որը նա համարել է տարվա երեւույթ` նշելով, որ եթե ինքը լիներ ՄԻՊ, նման զեկույց չէր հրապարակի` այն համարելով համակարգից հասարակության հիասթափության պատճառ:
«Այդ զեկույցից հետո ես խնդրեցի իմ աշխատակիցներին, որ վեր հանեն իմ հայտնած դիրքորոշումները ոլորտի վերաբերյալ, եւ բացի կաշառքի սակագներից, շեշտել եմ վստահության բացակայությունը: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ 82 տոկոսը չի վստահում, 70-ից ավելին պատրաստ է կաշառք տալ, բազմիցս բարձրաձանել եմ, Աքիլլեսյան գարշապար համարել, ցավոք, այդպես չի լինում, որ գիշերը քնես, առավոտյան վեր կենաս, տեսնես` խնդիրները լուծված են, մեզ պետք է դատավորների վերապատրաստման արդյունավետ համակարգ: Ամենագլխավոր գործոնը վստահությունն է, որի պակասը կա, զեկույցից հետո տպավորություն կա, որ բոլոր դատավորները սրիկաներ են: Եթե ես լինեի ՄԻՊ-ը, նման զեկույց չէի գրի, նրա խնդիրներից մեկը խնդրի լուծման ճանապարհ ցույց տալն է, զեկույցը այնքան սուր է, որ ոզնու նման կծկվելու է եւ ասեղներ է ցույց տալու, եւ արմատավորվելու է այն կարծիքը, որ համակարգը բուժելու համար բացի արմատական բարեփոխումներից, վիրահատությունից, այլ բան չի կարող անել»,- կարծիք հայտնեց նախարարը:
Մանրամասները` galatv.am — ում: