ԱԺ-ի այսօրվա օրակարգում կա 14 հարց:
Այս պահին ԱԺ-ը քննարկում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրությունը:
Այս պաշտոնին առաջարկվել է Կարեն Սեդրակյանը: ԱԺ ամբիոնից վերջինիս ներածական ելույթից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածուին:
Պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը Կարեն Սեդրակյանին հարցրեց.
«Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ: Գիտեք, որ այսօր խիստ անհրաժեշտ ապրանք է դիմակը, և մեծածախ գնով դրանք կազմում են 50-60 դրամ: Մինչդեռ մինչև հասնում են մարզեր, դրանց գինը հասնում է երկու հարյուր դրամի: Եվ ստիպված՝ թոշակառումները ամեն օր դիմակ գնել չեն կարողանում և ամսական մի հատ դիմակ են դնում: Ձեր կարծիքը, և ինչպես պիտի կարգավորվի այս շրջանում անհրաժշտ ապրանքի գինը, որպեսզի մատների վրա հաշվվող տնտեսվարողները չհարստանան` գեր շահույթ ստանալու արդյունքում, և հասարակությունը կարողանա մատչելի և տրամաբանական գնով դիմակներ ձեռք բերել»:
Հարցին ի պատասպխան՝ Կարեն Սեդրակյանն ասաց, այս պահին դիմակների մասով վարույթ է ընթանում.
«Ձեր բոլոր հարցերի պատասխանները՝ ուսումնասիրությունը ավարտելուց հետո ամբողջական տեսքով կներկայացվի Ձեզ»,- իսկ մարզերի մասով հարցին պատասխանելով՝ շարունակեց. «Ձեր բարձրացրած հարցն էլ, որ մարզերում դիմակը շատ թանկ գնով է վաճառվում, դրան էլ կանդրադառնանք: Հավելեմ, որ մինչ օրս ուսումնասիրության արդյունքում այդպիսի տարբերակ չկա, որ 20 դրամով ձեռք բերվի դիմակը և վաճառվի 200 դրամով»: Ինչին ի պատասխան պատգամավորը արձագանքեց, որ երեկ Սիսիանի սուպերմարկետներից մեկում գնել են եռաշերտ դիմակ 200 դրամով։ Նա խնդրեց ուսումնասիրել խնդիրը։
Հայկ Մագոյան