ԱԺ-ում արտահերթ նստաշրջանի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանում էր պատգամավորներին հուզող հարցերին:
Պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով Տիգրան Մուկուչյանին, մասնավորապես ասաց.
«Պարոն Մուկուչյան, քանի որ վերջին շրջանում քննարկվում է 2017 թվականին տեղի ունեցած ընտրություններին ընտրակաշառքներ բաժանելու հարցը, կարծում եմ, այսօր արդեն անկաշկանդ կարող եք պատասխանել` Դուք լսել եք ընտրակաշառքների համատարած բաժանման վերաբերյալ տեղեկություններ: Եվ կարո՞ղ էին արդյոք այդ ծավալի բաժանված ընտրակաշառքները ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա»:
Հարցին ի պատասխան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ասաց, որ խնդիրը հետևյլան է. նախ՝ ընտրական գործընթացների ժամանակ, համապետական ընտրություններին հատկապես, ԿԸՀ-ն առիթ ունեցել է բազմիցս իր դիրքորոշումը արտահայտելու ընտրակաշառքի հետ կապված:
«Ոչ միայն ընտրակաշառքների, այլ նաև խոստումների հետ կապված, երբ ԿԸՀ-ը ստացել է որևէ հաղորդում այդ կապակցությամբ, փորձել է առավելագույնը արագ ու օպերատիվ արձագանքել, դիմել կողմերին`վերջիններիս հորդորելով ձեռնպահ մնալ նման գործողություններից: Քանի որ ընտրակաշառքը քրեական վարույթ է, իրավապահ մարմինները ևս ձևավորում էին խմբեր, և աշխատանքներ էին տարվում այս ուղղությամբ»:
Պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ, արձագանքելով Մուկուչյանին, հիշեցրեց, որ իշխանության բռնազավթումն էլ քրեական պատասխանատվություն է ենթադրում:
Պատգամավորը ևս մեկ հարց ուղղեց Մուկուչյանին`Ձեր պաշտոնավարման ընթացքում ընտրություններ կեղծվե՞լ են մինչև 2018 թվականը:
Հարցին ի պատասպան՝ Մուկուչյանն ասաց.
«Ես կարող եմ դատողություններ անել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին: Որովհետև ԿԸՀ-ն որոշակի ընթացակարգի հիմքով իրականացնում է քվերակության արդյունքների հրապարակում: Կեղծիքը կարող է վերաբերել այն հանգամանքին, երբ ընտրական տեղամասում ձևավորվում է քվերակության այլ պատկեր, հետագայում գալիս է հանձնաժողով, և փոխվում են տվյալները»:
Մուկուչյանն ասաց, որ ինքը չի հիշում մի դեպք, երբ ընտրական տեղամասում արձանագրված թիվը փոխված լինի ԿԸՀ-ում:
Հայկ Մագոյան