AraratNews.am-ը ամանորյա հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ է:
Ինչպե՞ս եք նշելու այս տարի Ամանորը:
Դիմավորելու եմ տանը՝ ծնողներիս, դստերս ու եղբորս ընտանիքի հետ: Ամեն տարի 12:10 րոպե մեզ այցելում է նաև հորեղբորս ընտանիքը, ամփոփում ենք հին տարին՝ դիմավորելով նորը:
Նախորդից այն ինչո՞վ է տարբերվելու:
Զբաղվածությունն ավելի մեծ է, ժամանակն՝ ավելի սուղ, այցելությունները տարբեր հաստատություններ՝ ավելի շատ:
Հատուկ կերակրատեսակ, խմիչք կա՞ կամ ավանդույթ, որին հետեւում եք:
Մինչև հիմա ընտանիքի անդամների նվերները բարձի տակ եմ դնում ու տոնածառը պարտադիր ինքս եմ զարդարում:
Հիշարժան ուրախ Ամանորը ձեր կյանքում:
Նոր տարին ամենասիրված տոնն է ինձ համար: Որպես հիշարժան տարի կառանձնացնեմ 2004-ը, երբ Ամանորն առաջին անգամ դստերս հետ նշեցի:
Ամանորյա նվերները Դո՞ւք եք ընտրում, թե՞ վստահում եք ուրիշին:
Ես եմ ընտրում՝ նախապես փոքրիկ «հետազոտություն» կատարելով ընտանիքի անդամների շրջանում:
Ձեր մասնակցությունը՝ ամանորյա սեղանի պատրաստմանը կամ ամանորյա գնումներին:
Կարճ կասեմ՝ 100 % մասնակցություն: Ամեն բան ինքս եմ պատրաստում, թխում, ապխտում, ձևավորում: Երբեք ոչինչ չեմ պատվիրել:
Ինչպիսի՞ նվերներ եք սիրում ստանալ եւ տալ Ձեր հարազատներին:
Նվերների հարցում պահանջկոտ չեմ, առաջնորդվում եմ «կարևորն ուշադրությունն է» կարգախոսով: Նվիրելու հարցում ճիշտ հակառակն է՝ շատ դժվար եմ ընտրում. մեկին ըստ անհրաժեշտության, մյուսին՝ սիմվոլիկ, երեխաներին՝ իրենց կողմից գրված նամակին համապատասխան:
Ինչքա՞ն գումար եք ծախսում Ամանորին:
Այնքան, որքան անհրաժեշտ է տոնական, բայց համեստ սեղան ունենալու համար: Երբեք չեմ հասկացել Նոր Տարվա սեղանի համար հազարավոր դոլարներ ծախսող մարդկանց:
Ձեր մանկության Նոր տարին եւ այսօրվանը շա՞տ է տարբերվում, այն ժամանակ էր տպավորիչ, թե հիմա, ի՞նչն է ավելի կամ պակաս:
Երբ փոքր էի, Ամանորին հյուրեր ավելի շատ էինք ունենում: Փոքր քաղաքներում դեռ այդ գեղեցիկ ավանդույթը պահպանվում է: Բայց արտագաղթն իրենն ասում է՝ արտերկրում են քույրս, մորաքույրս, զարմիկներս, ընկերներիցս շատերն իրենց ընտանիքներով: Տպավորիչ կամ ոչ այնքան տպավորիչ լինելը կարծում եմ հոգեվիճակի հարց է: Չենք հիշում սեղանին ինչ կար, բայց հիշում ենք՝ ինչ էինք զգում: Հիմա բնականաբար ավելի բարդ է, դժվարությունները՝ շատ: Այժմ բացի ընտանիքից, բարոյական պարտք կա նաև սոցիալապես անապահով երեխաների, ծերերի, հատուկ կարիքներով մանուկների, զոհված տղաների հարազատների Նոր տարին ինչ-որ կերպ գեղեցիկ դարձնելը: Փորձում եմ մաքսիմումն անել հասարակության այս շերտերի համար: Սա ինձ համար սկզբունքային է, երբ ընտանեկան տոնը քո սեփական փոքր տիրույթից ընդարձակվում է ու վերածվում ավելի մեծ ընտանիքի գաղափարի, ուր կարևոր է յուրաքանչյուրի տրամադրությունը:
Ո՞ւմ եք առաջինը զանգահարում, շնորհավորում Ամանորի գիշերը:
Քրոջս, քանի որ մեզնից հեռու է:
Ո՞ւմ եք առաջինը այցելում՝ Նոր տարին շնորհավորելու:
Մեր ընտանիքում այս տարիների ընթացքում ձևավորվել են գեղեցիկ ավանդույթներ՝ հունվարի 1-ին բոլորս միասին այցելում ենք հորաքրոջս, քանի որ նա մեր մեծ ընտանիքի ավագն է: Հունվարի 2-ը հորեղբորս տան այցելության օրն է, 3-ին բոլորին մենք ենք հյուրընկալում: Ընթացքում ով գա՝ բարով գա:
Պատկերացնո՞ւմ եք Ամանորը՝ առանց բլինչիկի, խոզի բդի, տոլմաների, ստալիչնիի: Եթե այո, ապա դրանց ինչը պետք է փոխարինի:
Առանց բլինչիկի, խոզի բդի ու ստալիչնիի պատկերացնում եմ, բայց առանց տոլմայի՝ ոչ: Հազարավոր հետաքրքիր բաղադրատոմսեր կան, որոնք հաջողությամբ կարող են փոխարինել բլինչիկին կամ բդին: Կարծում եմ ձեր կողմից թվարկածներն ավելի շուտ ասոցացվում են խորհրդային շրջանի Ամանորի հետ, բայց վաղուց ակտուալ չեն: Ամանորը առիթ է, որ պատրաստես այն, ինչ սիրում են ընտանիքիդ անդամները, հատկապես երեխաները: Մեր տանը միշտ կա սպաս, տապակած կարտոֆիլ կամ խյուս, քանի որ փոքրերին բլինչիկը կամ բուդը քիչ է հետաքրքրում:
2020-ը սպիտակ առնետի տարի է: «Առնետից» ի՞նչ եք ակնկալում:
Ակնկալում եմ խաղաղություն, եթե սահմանին խաղաղ լինի, ապա ամեն բանի կարելի է հասնել աշխատասիրության, գործին անմնացորդ նվիրվելու, կամքի ու հավատամքի շնորհիվ:
Զրուցեց Օլյա Շահինյանը