տուն Լուրեր Մինչև գիշերվա 5-ը երաժշտություն ու աղմուկ՝ կարաոկե-ակումբի անվան տակ գործող հաստատությունից

Մինչև գիշերվա 5-ը երաժշտություն ու աղմուկ՝ կարաոկե-ակումբի անվան տակ գործող հաստատությունից

156
0

club_blue

Օրեր առաջ Araratnews.am-ը Երևանի Խորենացի 30 շենքի բնակիչներից ահազանգ է ստացել, որ իրենց շենքի հարակից տարածքում գործում է կարաոկե-ակումբ, որից լսվող երաժշտությունը խաթարում է իրենց անդորրը անգամ մինչև գիշերվա 5-ը: Բնակիչների շրջանում կասկած կա, որ հաստատությունը, չնայած կոչվում է կարաոկե-ակումբ՝ այլ գործունեություն է ծավալում: Հարցի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետարանից:

Ի պատասխան Araratnews.am-ի հարցման՝ քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունից տեղեկացրել են, որ ՀՀ ոչ մի օրենքով սահմանված չէ Երևան քաղաքի ժամանցի վայրերի,  մասնավորապես` կարաոկե-ակումբների  աշխատանքային ռեժիմը, այլ դա որոշվում է նրանց կողմից ինքնուրույնաբար։ Սակայն ժամը 24.00–ից հետո աշխատելու համար, ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, պետք է լինի տվյալ վարչական շրջանի ղեկավարի թույլտվությունը:

Առայժմ ՀՀ ոչ մի օրենքով սահմանված չէ, թե ժամանցի վայրերը, մասնավորապես ՝ կարաոկե-ակումբները բնակելի շենքերից ինչ հեռավորության վրա պետք է գտնվեն։

Եթե հաստատությունը գրանցվում է որպես կարաոկե-ակումբ, բայց այլ գործունեություն է ծավալում, ապա այդ դեպքում այն կդիտվի որպես ապօրինի գործունեություն, որի նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է հարկային մարմինների կողմից:

Քաղաքապետարանը ժամանցի օբյեկտների նկատմամբ հսկողություն է իրականացնում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանված լիազորությունների շրջանակներում:

Իսկ թե նշված հաստատությունը, որն առաջացրել է բնակիչների զայրույթը, ո՞ր կառույցից և ինչի հիման վրա է գործունեության թույլտվություն ստացել, Araratnews.am-ը կփորձի պարզել առաջիկայում: