Արդեն մեկ ամիս է, ինչ քննարկվում է Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը: Հայ հասարակությունը, սակայն, դեմ է արձանի տեղադրմանը՝ ելնելով ԽՍՀՄ գործչի գործունեությունից: Պատմաբան Արայիկ Հարությունյանի ընտանիքը ԽՍՀՄ տարիներին անմիջականորեն տուժել է Միկոյանի գոծունեությունից:
«Վերջին մեկ ամսվա ընթացքում այնքան փաստաթղթեր ի հայտ եկան ու այնքան խոսվեց Միկոյանի կենսագրության վատ կողմերի մասին, որ կարծում եմ, այս քննարկումները պետք է դադարեին: Ես այսօր եկել եմ ոչ թե որպես պատմաբան, այլ մի մարդ, որ անմիջականորեն տուժել է Միկոյանի գործողություններից: Իմ պապերից երեքը 1937թ. գնդակահարվել են: Իսկ իմ տատն իր մեծ ընտանիքում եղել է նրա աքսորում՝ որպես գնդակահարվածների ժառանգ: Ես Միկոյանի թոռանը կոչ կանեի դադարեցնել այս բոլոր հայտարարություններն ու գործողությունները և Պրահայից չորոշել, թե Հայաստանի հասարակությունը ինչպես պետք է վարվի իր «հերոսների» հետ: Միկոյանի ստորագրությամբ բազմաթիվ փաստաթղթեր վկայում են, որ նա անմիջական մասնակցություն է ունեցել բոլոր այդ բռնաճնշումներին»,- ասում է նա: