Միջադեպը Գրիգորի Հայրապետովի հեռացման հետ կապ չունի, անվտանգության ծառայություններն ունեն ինստիտուցիոնալ կարողություններ եւ անձերի վրա հիմնված չեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ Միլանի միջադեպը կարող էր չլինել, եթե Գրիգորի Հայրապետովը չհեռացվեր։
«Ընդհանրապես մեր հասարակությունում այդպիսի քննարկումներ շատ են եղել, որ եթե մենք փոխենք անվտանգության պատասխանատուին, ապա հնարավոր չի լինի անվտանգությունն ապահովել։ Այդ քննարկումը եղել է նույնիսկ մինչեւ 2018 թվականը, երբ նույնիսկ մարդիկ վարչապետի հայտ են ներկայացրել զուտ անվտանգության տեսանկյունից՝ ներկայանալով, որ միայն նրանք են անվտանգության պատասխանատուն, բայց պատմությունը ցույց տվեց, որ առանց նրանց՝ ավելի լավ է երկրի անվտանգությունն ապահովվում»,- արձագանքեց Գրիգորյանը։