Սեպտեմբերի 21–ին տեղի ունեցած Անկախության երթը կարծես թե առաջին լուրջ արձագանքն էր Սեպտեմբերի 3–ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի` Հայաստանի Մաքսային միությանը միանալու վերաբերյալ արված հայտարարությանը։ Լուրջ, թե՛ մասնակիցների քանակով, և թե՛ տարբեր շրջանակների ընդգրկվածությամբ։ Առաջին անգամ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների, քաղաքացիական խմբերի և ակտիվ քաղաքացիների համագործակցության փորձ արվեց, ինչը, ընդհանուր առմամբ, հաջողված էր և կարծես առաջին քայլն էր այս խնդրի քննարկման համար վերկուսակցական, վերխմբային պլատֆորմի ձևավորման։ Այս փաստը և նման պլատֆորմի ի հայտ գալու հեռանկարը չի կարող չանհանգստացնել վարչախմբին, հետևաբար արվելու է ամեն հնարավորը դա թույլ չտալու, ինչպես նաև Մաքսային միության թեմայի քննարկումը և տարածումը կանխելու համար։ Հաշվի առնելով վերջին շրջանում իշխանությունների վարած քաղաքականությունը՝ նրանք կխաղան համագործակցող խմբերի գաղափարական տարբերությունների վրա՝ դաշտ նետելով հնարավոր հակասություններ առաջացնող թեմաներ, ինչպիսիք էին DIY–ն՝ Մաշտոցի պուրակից հետո, գենդերը՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարի ժամանակ։ Բացի նշվածից, առաջնորդվելով «ստեղծել հնարավորինս շատ խնդիրներ» կարգախոսով կստեղծվեն բազմաթիվ նոր խնդիրներ։ Այդ շարքում կարող է դիտարկվել նաև տրանսպորտի սակագնի թանկացումը, որը Մաքսային միության դեմ պայքարի տարածման պարագայում կարող է ծառայել որպես «շեղող» խնդիր, սակայն կկիրառվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում, քանի որ արդեն Բաղրամյան 26–ում էլ հասկացել են, որ սոցիալական խնդիրները Հայաստանում առաջացնում են ամենամեծ կոնսոլիդացիան, հետևաբար կարող է և իրավիճակը դուրս գալ վերահսկողությունից։ Այս պայմաններում դա կարող է բավականին լավ նվեր լինել հանրությանը, քանի որ մի քանի հաջող շախմատային քայլերի դեպքում կարելի է շախ հայտարարել և՛ վարչակազմին և՛ Մաքսային միությանը։ Ներկա պայմաններում դժվար է քաղաքացուն բացատրել անկախությանը սպառնացող վտանգը և դրա հնարավոր հետևանքները, սակայն, ինչպես ասում են, երկաթը պետք է տաք–տաք ծեծել, իսկ դրա համար նախ պետք է տաքացնել, հետևաբար տրանսպորտի սակագնի թանկացումը կարող է դառնալ այդ վառելիքը հանրությանը տաքացնելու համար։ Ղարաբաղյան շարժումը սկսվեց բնապահպանական շարժումով, հետո միայն որոշեցինք ունենալ անկախ պետականություն, միգուցե անկախության վերահաստատումն էլ սկսվի սոցիալական շարժումով…
Միգուցե անկախության վերահաստատումն էլ սկսվի սոցիալական շարժումով
Սևակ Մամյան