տուն Լուրեր Միասնական սոցիալական ճակատը կարող է հզոր հարված հասցնել համակարգին

Միասնական սոցիալական ճակատը կարող է հզոր հարված հասցնել համակարգին

251
0

1059776_533186453445196_1597227409_o

«Պարտադիր Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի գործով քննությունը Սահմանադրական դատարանը կիրականացնի 2014թ. հունվարի 28-ին։ Այսինքն շուտով առկա կլինի նաև Սահմանադրական դատարանի վճիռը, որը հազիվ թե բխի հանրության շահերից:

Երևանի քաղաքապետարանում շարունակվում են ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի նիստերը: Ուղևորահոսքերի հաշվարկման վերաբերյալ իրականացվող ուսումնասիրության արդյունքները հայտնի կլինեն 2014թ. հունվարի 30-ին, որից  հետո արդեն պարզ կլինի, թե վերջնական սակագինը որքան կկազմի: Այսինքն փետրվարի սկզբներից արդեն կարող է տեղի ունենալ տրանսպորտի սակագնի թանկացման ևս մի փորձ:

Գազի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների բոլոր ջանքերը անցան ապարդյուն, սպառվեցին գրեթե բոլոր իրավական ճանապարհները, իսկ փողոցային պայքարի համար բավարար քանակությամբ կոնսոլիդացիա տեղի չունեցավ: Արդյունքում այսօր եկել է օգտագործված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց ընտանեկան եկամուտի մեծ մասը Հայռուսգազարդին և էլեկտրացանցին թողնելու ժամանակը: Քաղաքացիների մեծ մասը կանգնել է լուրջ խնդրի առաջ, իսկ այդ խնդիրը առաջիկա 1-2 շաբաթներում ավելի է սրվելու, երբ լրանա վճարումներ կատարելու վերջնաժամկետը: Եթե սրան ավելացնենք այն, որ գրեթե նման մեծությամբ ծախսեր սպասվում են առնվազն առաջիկա երկու ամիսներին, ապա ամբողջովին պարզ կդառնա առկա սոցիալական լարվածության պատկերը Հանրապետությունում:

Գործող քրեաօլիգարխիկ համակարգը կարիք ունի անընդհատ սեփական ֆինանսական միջոցները ընդլայնելու, կապիտալի մեծացման՝ դրանով իսկ ինքնաֆինանսավորման ապահովման: Այս քայլերը հենց այդ շարքից են և մի կողմից համակարգի հիմքը հանդիսացող օլիգարխների համար հարստացման նոր աղբյուրների ապահովման, մյուս կողմից կարավարության համար նոր ազատ ֆինանսական միջոցների հայթայթման, երրորդ կողմից արտաքին «գործընկերներին» և միջազգային ֆինանսական ինստիտուտներին գոհացման նպատակ են հետապնդում:

Ընդլայնման համար առկա ներքին ռեսուրսների սահմանափակության, կապիտալի շարունակական կուտակման համար սահմանափակ հնարավորությունների առկայության պայմաններում այս և նմանատիպ այլ քայլերը ուղղակի կենսական անհրաժեշտություն են գործող վարչախմբի համար: Հակառակ դեպքում կուտակված կապիտալի վերաբաշխումը՝ դրանով իսկ ներվարչախմբային հակասությունները, հետևաբար և համակարգի ներսում ճաքերը անխուսափելի են:

Այսինքն այս խնդիրները, լինելով սոցիալական, տնտեսական՝ երբեմն շատ ավելի քաղաքական են, քան իրականացվող զանազան քաղաքական գործընթացները: Նմանատիպ հարցերում հանրության տարած ցանկացած հաղթանակ, երբեմն իր առջև անգամ չդնելով նման նպատակ,  որոշակիորեն սահմանափակում է ռեժիմի վերարտադրողական ռեսուրսները և մեկ քայլ ավելի է մոտեցնում ցանկալի արդյունքին՝ ինչը, տվյալ փուլում, առկա վարչախմբի տապալումն է:

Վարչախումբը, ձևավորվող որոշակի ճնշման ալիքի ներքո, մանավանդ եթե այն ունի աճման միտումներ, կարող  է գնալ զիջումների վերոնշյալ խնդիրներից որևեէ մեկով, սակայն այդ զիջումները նա պետք է կոմպենսացնի մեկ այլ եղանակով՝ նորից նույն հանրության հաշվին:

Նման իրավիճակից խուսափելու համար այսօր  անհրաժեշտություն է դառնում միասնական «սոցիալական ճակատի» ձևավորումը և արդեն այդ ձևաչափով պահանջների ներկայացումն ու գործողությունների իրականացումը: Առաջիկայում Կենսաթոշակային պարտադիր համակարգի, ուղևորափոխադրումների սակագնի և գազի գնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիական խմբերի և քաղաքացիների կողմից միասնական ճակատի ձևավորումն ու պայքարի իրականացումը կարող է հզոր հարված հասցնել  և թափ տալ ամբողջ համակարգն ու պետական ապարատը:

Առկա իրավիճակը լավագույնս տալիս է նման հնարավորություն: Կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը կարողացել է ապահովել որոշակի կոնսոլիդացիա, փորձը ցույց է տվել, որ տրանսպորտի սակագնի դեմ պայքարը ևս ունի այդպիսի պոտենցիալ, իսկ միասնական ճակատով հանդես գալու դեպքում կոմունալ վարձերի մեծությունը մեծ խթան կարող է հանդիսանալ այդ պոտենցիալը ընդլայնելու համար:

Վարչախմբի անդամները նույնպես ունենում են տարաձայնություններ, սակայն վտանգի դեպքում ցուցաբերում են փոխադարձ համերաշխություն, խոսում են միմյանց հետ, և նրանց հաղթելու միակ տարբերակը՝ նույնն անելն է: Այնպես որ քաղաքացիական հատվածը պետք է մտնի որոկապես նոր փուլ, համագործակցային փուլ, ինչի համար, ինչպես նշվեց, բարենպաստ իրավիճակն առկա է: Պետք է ձևավորվել միասնական օրակարգ՝ դրա մեջ ընդգրկելով բոլոր մասնակիցների կողմից ներկայացված խնդիրները և անցնել քաղաքացիական անհնազանդության միասնական, համաձայնեցված գործողությունների:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here