Կենտրոնական բանկի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության 66%-ը այս կամ այն ձևով խնայողություններ անում է (ամբողջ եկամուտը չէ, որ ծախսում է): Սակայն այդ 66%-ի միայն 6%-ն է, որ խնայողությունները պահում է ֆինանսական միջնորդության ինստիտուտներում՝ բանկեր, ապահովագրական ընկերություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը: Այդ պատճառով, ըստ նրա, մեծ նշանակություն ունի բնակչության շրջանում մեր ֆիանսական համակարգի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Օրինակ՝ շատերը չգիտեն, որ մինչև 2 մլն դրամ դրամ պահվող և 2 մլն դրամ՝ արտարժույթով պահվող բոլոր ավանդների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Ֆինանսական ծառայությունների մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով հոկտեմբեր ամսին մի շարք միջոցառումներ ու մրցույթներ են կազմակերպվելու՝ «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակներում: Մասնավորապես կազմակերպվելու է՝
- Ավտոբուսով «Ֆինանսական շրջագայություն»
- Երազանքների պատի կառուցում
- Բազմատեսակ մրցույթներ
- Սեմինարներ համալսարաններում ու դպրոցներում
- Բացօթյա ցուցահանդես
- Ֆինանսական կազմակերպություններում բաց դռների օրեր
- Ինտերակտիվ դասընթացներ