Շուրջ 5 տարի ազատազրկման դատապարտված քաղաքացու նկատմամբ անարդարացիորեն չէր կիրառվում Ազգային ժողովի 2013 թվականի ‹‹Համաներում հայտարարելու մասին›› որոշումը:
Չստանալով հստակ պատասխան, թե ինչու իր որդու վրա չի տարածվում համաներումը՝ դատապարտյալի մայրը դիմել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին:
Օմբուդսմենը պարզել է, որ hամաներման հայտարարման օրից քրեակատարողական հիմնարկն, ըստ պահանջվող ընթացակարգի, հարցում է կատարել Դատական դեպարտամենտ՝ պարզելու, թե արդյոք դատապարտյալի նկատմամբ երբևէ ներկայացվե՞լ է քաղաքացիական հայց, թե՝ ոչ, որպեսզի նրա նկատմամբ ևս համաներումը կիրառելի դառնա: Շուրջ 5 ամսվա ընթացքում 3 անգամ կատարված հարցումներին ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տրվել է նույնաբովանդակ պատասխան. դատապարտյալի նկատմամբ հարուցվել է մի քաղհայց, որը, սակայն, դատարանը չի ընդունել սխալ տվյալների պատճառով: Արդյունքում, այնուամենայնիվ, դատապարտյալի նկատմամբ համաներման որոշում այդպես էլ չէր կիրառվում:
Օմբուդսմենի կողմից Դատախազություն ու Արդարադատության նախարարություն ուղարկված գրություններից հետո միայն դատապարտյալի պատժի չկրած մասը կրճատվել է 1/3-ով` համաձայն համաներման որոշման:
Պաշտպանի աշխատակազմ