Հայտնի երգիչ Փոլ ՄըքՔարթնին դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ազատ արձակել Greenpeace բնապահպանական կազմակերպության ակտիվիստներին, որոնք ձերբակալվել են Ռուսաստանում նավթային պլատֆորմի մոտ անցկացված ակցիայի համար, որը սկզբում ՌԴ իշխանութոյւնները որակել են որպես ծովահենություն, ապա՝ խուլիգանություն։
Բաց նամակում ՄըքՔարթնին գրում է․ «Իմ ռուս ընկերները պատմում են, որ որոշ շրջանակներում բողոքողները ներկայացվում են որպես Ռուսաստանի թշնամիներ, որոնք կատարում են արևմտյան տերությունների պատվերը, ինչպես նաև մարդիկ, ովքեր վտանգում են նավթային պլատֆորմի աշխատակիցների կյանքը։ Ես գրում եմ, որպեսզի հավաստիացնեմ Ձեզ՝ Greenpeace-ը, որը ես գիտեմ, իհարկե հակառուսական կազմակերպություն չէ։ Նրանք մշտապես նյարդայնացնում են այս կամ այն կառավարությանը, ընդ որում՝ երբեք և ոչ մի դեպքում գումար չեն վերցնում այս կամ այն պետությունից կամ ընկերությունից»։
«Ես հասկանում եմ, որ ռուսական դատարաններն ու նախագահը գործում են առանձին։ Բայց, այնուամենայնիվ, հարց եմ ուղղում՝ արդյոք դուք չէիք կարող օգտագործել ձեր ազդեցությունը, ինչ տեսքով էլ որ դա լինի, որպեսզի ձերբակալվածները վերադառնան իրենց տները», — ասվում է ՄըքՔարթնիի նամակում։