ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մեքսիկայում աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Այդ մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է այդ երկրի Կոնգրեսի պատգամավորների պալատի՝ ՀՀ հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսը:
Նա խոստացել է ջանալ, որ Արցախում տիրող իրավիճակը ևս տեսանելի դառնա՝ շեշտելով, որ իրավիճակի հանգուցալուծումը, անշուշտ, խաղաղությունն է:
Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Մեքսիկայի խորհրդարանը կհամալրի այն խորհրդարանների շարքը, որոնք, պատմական արդարության սկզբունքից ելնելով, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նաև շեշտել է, որ Հայաստանն իր միջազգային գործընկերներից ակնկալում է հավասարակշիռ դիրքորոշում Արցախի հարցում:
Ադոլֆո Տոռես Ռամիրեսը ցանկություն է հայտնել ավելի խորացնելու Հայաստանի հետ գործակցությունը. նա Արարատ Միրզոյանին հրավիրել է Մեքսիկա»: